«Ապառաժ»-ը՝ վերադարձի հավատով, շարունակում է իր գործունեությունն Արեւելյան Հայաստանում

  • by Western Armenia, 02 Հուլիսի, 2024 in Հասարակություն
37 դիտում

2023 թվականի արցախյան ողբերգությունից հետո արցախյան մամուլը դադարել է գործել․ դադարեցվել էր նաեւ «Ապառաժ» երկշաբաթաթերթի տպագրությունը, սակայն շարունակել է գործել «Ապառաժ» (ww.aparaj.am) կայքէջը, որը անկախ ստեղծված իրավիճակից եւ դժվարություններից չի դադարել իր գործունեությունը: Այս մասին հայտարարություն է տարածել հենց կայքէջը՝ տեղեկացնելով, որ վերաթարմացված շարունակելու է իր ուսումնասիրություններն Արցախի հասարակական, սոցիալական, քաղաքական հիմնախնդիրների շուրջ, լուսաբանելու է աշխարհում եւ համահայկական տիրույթում առկա իրադարձությունները, շարունակելու է բարձրաձայնել արցախահայության իրավունքների վերականգման եւ այդ համատեքստում միջազգային արդարադատությանը հասնելու Հայ դատի պայքարը, խոսելու տարագիր Արցախի ժողովրդի ճակատագրի, առկա խնդիրների եւ դրանց ուղղված քայլերի ու լուծումների մասին։ 

«Ապառաժ»-ն Արցախում՝ որպես քաղաքական, հասարակական եւ գրական թերթ, առաջին անգամ հրատարակվել է 1917 թ-ին՝ Շուշի քաղաքում, երկար ընդմիջումից հետո այն հրատարակվել է 1991 թ-ին, լուսաբանել Արցախի ազատագրական պայքարի ընթացքը, հայ ժողովրդի պայքարի ուղին՝ մինչեւ մեր օրեր, սերմանել գաղափարական եւ ազգային արժեքներ։ 

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ եւս երկշաբաթաթերթի հրատարակությունն առժամանակ դադարեցվել եւ վերահրատարակվել էր 2021 թ-ի գարնանը, սակայն կայքէջը, 2010թ-ից, բոլոր իրավիճակներում, շարունակել է իր գործունեությունը։ ««Ապառաժ»-ը՝ վերադարձի հավատով, շարունակում է իր գործունեությունն Արեւելյան Հայաստանում, հավատարիմ մնալով իր ընթերցողներին»,- նշված է հայտարարության մեջ: