Առլեն Ոսկի Ավակյանը կպատմի իր ընտանիքի անցյալի հետ առերեսվելու ճանապարհի մասին

  • by WesternArmenia, 28 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
217 դիտում

Հրանտ Դինք հիմնադրամի «Ուղևորություններ դեպի արմատներ․ մտորումներ վայրի և պատկանելության մասին» զրույցների շարքի շրջանակում նոյեմբերի 2-ին Պոլսում տեղի կունենա հանդիպում ամերիկահայ անվանի գիտնական, Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Առլեն Ոսկի Ավակյանի հետ։

«Ընդունելով ընտանիքիս հողերը» խորագրով զրույցի ընթացքում Ավակյանը կներկայացնի իր ընտանիքի անցյալի հետ առերեսվելու և Արեւմտեան Հայաստանը  որպես նախնիների հայրենիք ընդունելու իր ճանապարհը։

1915 թվականի Հայերի  ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ Առլեն Ոսկի Ավակյանը դեռևս 14 տարեկանում՝ 1954 թվականին, տատից՝ Էլմաս Թութույանից, լսել է նրա ապրած ողբերգական իրադարձությունների մասին։ Տատը խնդրել է նրան պատմել աշխարհին իր ապրումների մասին, սակայն երկար տարիներ Ավակյանը փորձել է հեռու մնալ ինչպես ընտանեկան պատմությունից, այնպես էլ իր հայկական ինքնության հետ կապված հարցերից։

Հանդիպման ընթացքում նա կանդրադառնա այն ճանապարհին, որն իրեն տարել է ընտանեկան անցյալից խուսափելու փորձից դեպի դրա ընդունումն ու սեփական ինքնության անբաժանելի մաս դարձնելը։

Ավակյանը նախորդ տարի ևս այցելել էր Պոլիս՝ ներկայացնելու իր «Առյուծ կինն ու նրա ժառանգությունը․ ամերիկահայ կնոջ ֆեմինիստ դառնալու ճանապարհը» գիրքը։ Նա նաև կրկին հանդիպել էր «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնության անդամներին։

Առլեն Ոսկի Ավակյանը Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի Կանանց, գենդերի և սեռականության ուսումնասիրությունների բաժնի հիմնադիրներից է։ Նրա գիտական և հասարակական գործունեությունը ներառում է նաև մարգինալացված համայնքների իրավունքների պաշտպանությունն ու հասարակական շարժումներին աջակցությունը։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 16։00–18։00-ն, Հրանտ Դինք հիմնադրամի Անարադ Հըղըթյան շենքում։ Զրույցը կվարի Ալին Վարդանյան Դիլավերը։ Միջոցառումն անցկացվելու է անգլերենով՝ առանց համաժամանակյա թարգմանության։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։