«Ավրորա»-ի 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում

  • by Western Armenia, 26 Փետրվարի, 2024 in Հասարակություն
66 դիտում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատուկ միջոցառումների շարք կանցկացնի 2024 թ. մայիսի 8-10-ը՝ Լոս Անջելեսում: 

Միջոցառումները, այդ թվում՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի և  «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:  

Միջոցառումները կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանի եւ Լոս Անջելեսի՝ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավարի, ինչպես նաեւ՝  «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր եւ ձեռներեց Էրիկ Էսրայիլյանի նախագահությամբ: Վերջինիս ջանքերի շնորհիվ՝ 2017 թ.֊ին  ստեղծվել է Կալիֆորնիայի համալսարանի ՝ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը: 

2024 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները Լոս Անջելեսում հնարավորություն կտան հյուրերին եւ մասնակիցներին՝  իրենց երախտագիտությունը հայտնելու նրանց, ովքեր, չխնայելով սեփական անձը, օգնում են կարիքի մեջ հայտնվածներին: Հուսով ենք, որ սա կոգեւորի մարդկանց՝ այդ երախտագիտությունը վերածելու գործի՝ միանալով մեզ եւ մաս կազմելով այս համաշխարհային շարժմանը՝ ի նպաստ համընդհանուր բարօրության»,- նշեց միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանը: «Լույս սփռելով մարդասիրության վրա, որը հաճախ դրսեւորվում է ամենադժվարին պահին՝ մեր նպատակն է՝ ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում բարձրացնել իրազեկությունն այն սովորական մարդկանց մասին, ում  արտասովոր քայլերի է մղում կարեկցանքի եւ արդարության զգացումը:

Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումն, ու մյուս միջոցառումները կհամախմբեն ոլորտի առաջատար փորձագետներին՝ ծավալելու բովանդակային քննարկում տարբեր հարցերի շուրջ՝ գենդերային արդարության, կրթության, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության, համաշխարհային առողջապահական ճգնաժամի, եւ այլն: