Ատելության քարոզը  Բաքվին  հասցրել է խելակորույս  մոլագարության։

  • by Western Armenia, 22 Փետրվարի, 2024 in Հասարակություն
48 դիտում

Ատելության քարոզն Ադրբեջանին հասցրել է խելակորույս  մոլագարության։

 «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միություն։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է տասնամյակներ շարունակ Ադրբեջանում տիրող  նեոազգայական հակահայկականությունը։ Միությունն անդրադարձել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը: Հայտարարության մեջ ասվում է․«ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացի շրջանակներում՝ 2004 թ․ փետրվարի 19-ին Բուդապեշում,  հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը դաժանաբար սպանվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից։ Ադրբեջանական, էքստրեմիզմի վառ ներկայացուցիչ Սաֆարովը, կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպային․դատավարության ընթացքում անգամ չզղջալով իր կատարած հանցանքի համար։ Սակայն նման անմարդկային գործելակերպը խնդրի միայն մի կողմն է։ Հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովն ընդամենը 8 տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին՝ պատժի մնացյալ մասը այնտեղ կրելու, մինչդեռ Ադրբեջան հասնելուց անմիջապես հետո Սաֆարովը պետական մակարդակով հերոսացվեց՝ արժանանալով ամենաբարձր պատիվների։ Սա պարզ վկայությունն է այն բանի, թե հակահայկականությունը և հայ ազգի նկատմամբ էթնիկ ատելությունը ի'նչ մակարդակի են  հասել Ադրբեջանում` դեռևս 2004 թվականից։ Ատելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է խելացնոր  մոլագարության՝ մի քանի միլլիոն մարդու վերածելով հակամարդկային  գաղափարների և դրանց գործնական կիրառմանը,  ամեն վայրկյան պատրաստ զանգվածի, որին քաղաքակրթական զարգացումը պարզապես շրջանցել է։ Նման քաղաքականության արդյունքները սպասեցնել չտվեցին։ Միայն այսպիսի ռասիզմով տառապող պետությունը կարող էր 10-ամսյա շրջափակման ենթարկել ավելի քան 100 հազար մարդկանց, որոնցից մոտ 30 հազարը երեխաներ էին, միայն այսպիսի հիմքերի վրա կառուցված պետությունը կարող էր ռազմական գործողությունների դիմել՝ հումանիտար աղետի մեջ գտնվող հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, միայն այսպիսի պետությունը կարող էր մի քանի օրում էթնիկ զտում իրականացնել՝ հայաթափելով ողջ Լեռնային Ղարաբաղը։ Այս ամենը բնավ տարօրինակ չի թվա, եթե վերհիշենք, որ այս գործողություններն առաջնորդել է Արևելքի բռնապետության այնպիսի վառ ներկայացուցիչ, ինչպիսին իր պաշտոնավարման երրորդ տասնամյակը սկսած՝ Իլհամ Ալիևն է, ով պատերազմը համարում է իր քաղաքական առաքելությունը, ով «սատանաներ» է համարում նրանց, ում ամիսներ առաջ խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս»։