Արտակ Բեգլարյանը Ժնևում կներկայացնի վերջին ամիսներին տեղի ունեցած Արցախի շրջափակումն ու ցեղասպանությունը

  • by Western Armenia, 14 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
93 դիտում

Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, մասնակցում է Բաքվի՝ համընդհանուր պարբերական զեկույցի քննարկմանը, որտեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Բաքվի կողմից կատարված և չկատարված աշխատանքները: Այս մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Այս պաշտոնական քննարկումից հետո Հայ օգնության միությունը կազմակերպել է առանձին միջոցառում Մարդու իրավունքների խորհրդում՝ «Արցախը՝ դեպի վերականգնում. Բաքվին ենթարկել պատասխանատվության» խորագրով, որտեղ ես կներկայացնեմ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած Արցախի շրջափակումը և ցեղասպանությունը: Այդ միջոցառման մասին կներկայացնեմ ավելի ուշ՝ կայանալուց հետո:

Այստեղ եմ գտնվում  իրավաբան Գևորգ Հակոբջանյանի հետ միասին՝ Մարդու իրավունքների և արդարության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ: Մի շարք այլ միջոցառումներ ու հանդիպումներ էլ ունեմ Ժնևում՝ նպատակ ունենալով ներկայացնել ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը և քննարկել ապագա անելիքները»,- գրել է նա։