«Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության». ՄԱԿ-ի գրասենյակում անցկացվել է տեղեկատվական միջոցառում

  • by Western Armenia, 16 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
97 դիտում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը:

Միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների այն խախտումներին և ցեղասպան գործողություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացվել են Բաքվի կողմից՝ Արցախի, Հայաստանի և առհասարակ հայության դեմ՝ հանգեցրելով Արցախի ավելի քան 100․000 բնիկ հայ բնակչության տեղահանման, հումանիտար ճգնաժամի ։ Քննարկման նպատակն էր բացահայտել Բաքվիի կողմից ձեռնարկված գործողությունների համար պատասխանատվության ենթարկման հնարավոր ուղիները:

Միջոցառման ընթացքում, ոլորտային բազմափորձ բանախոսները մանրամասն ներկայացրել են Բաքվի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ տրամադրելով անհրաժեշտ փաստական տեղեկատվություն։ Մասնավորապես․

Արցախի  նախկին պետնախարար և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը կիսվել է տեղահանության և տառապանքի անձնական ցավալի փորձով, ընդգծել պատերազմների և իննամսյա շրջափակման ու սովի հետևանքով արցախցիների ապրած դժվարությունները։ Նա ընդգծել է Բաքվի կողմից կատարված հանցագործությունների համար Բաքվին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների վերականգնման կարևորությունը։

Հիշյալ միջոցառման ընթացքում հաջողությամբ անցկացվել է բովանդակալից քննարկում, ինչը ներկաներին թույլ է տվել արժեքավոր պատկերացումներ ձեռք բերել Բաքվի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Քննարկումները կարևոր էին Բաքվին պատասխանատվության ենթարկելուն ուղղված շարունակական ջանքերի տեսանկյունից: