Արցախից բռնի տեղահանված, առանց ծնողական խնամքի մնացած 10 երեխա այս պահին գտնվում են Արևելյան Հայաստանի խնամքի հաստատության հոգածության ներքո։ Հումանիտար կենտրոնում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Արևելյան Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Բացի այդ, խնամքի հաստատություններում են նաև գտնվում Արցախից բռնի տեղահանված ավելի քան 90 միայնակ տարեցներ, որոնք, նախարարի վստահեցմամբ, ստանում են բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի է Արևելյան Հայաստանի քաղաքացիների համար։
Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, ապա, ըստ Մկրտչյանի, նրանք, ովքեր առաջին անգամ կդիմեն փորձաքննություն անցնելու համար, կանցնեն Արևելյան Հայաստանում գործող նոր ընթացակարգով, այն է` ֆունկցիոնալության գնահատմամբ։
«Նրանք, ովքեր առաջին անգամ չեն դիմում, կրկին սահմանված կարգով` գոյություն ունեցող փորձաքննության ընթացակարգի միջոցով, կանցնեն այդ փորձաքննությունը, կստանան համապատասխան ցուցում, որից հետո նախարարությունում հավաստագրված կազմակերպությունների միջոցով կստանան համապատասխան աջակցող միջոցներ` սայլակներ, քայլակներ, օրթեզներ, պրոթեզներ և այլն»,– ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք` Բաքուն սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Վերջին տվյալներով` Արևելյան Հայաստանում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
