Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը

  • by Editbeglari, 03 Հուլիսի, 2024 in Լուրեր
262 դիտում

Արցախի հանրային հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ։  Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Անելու ենք հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքնության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»,– գրել է նա։

Տեսանյութում ասվում է, որ հեռուստաընկերությունն այսօր չունի տեխնիկական հագեցվածություն, տաղավարներ, բայց ունի կամք ու նվիրում ամեն ինչ նորից սկսելու համար։

Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրողները միասնական ուժերով ստեղծել են «10-րդ նահանգ» լրագրողական հասարակական կազմակերպությունը, որի առաջին ծրագիրն Արցախ TV-ն է լինելու։

Արցախի հեռուստատեսությունն իր գործունեությունը դեռևս կծավալի սոցցանցերում` «Ֆեյսբուք», «Յութուբ», «Տելեգրամ»։