«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» անկախ ակադեմիական հարթակը ներկայացնում է Արցախի խաչքարային պատկերաքանդակի եզակի դրսևորում հայ խաչքարային մշակույթում։ Այն ներկայացնում է մահկանացուներին, նրանց հիմնական զբաղմունքը, ակնկալիքները, անմահության մասին ժողովրդական պատկերացումները։
Բազմաթիվ կերպարների և թեմաների մեջ առանձնակի կարևորություն ունի ռազմիկի կերպարը և կռվի թեման։ Թե երբ է սկիզբ առել այդ ուշագրավ դրսևորումը, մինչև վերջ պարզված չէ։
Ռազմիկների պատկերաքանդակներ կրող խաչքարային արձանագրություններից դատելով, կարելի է դրանց ամենահավանական սկիզբը համարել 12-րդ դարի կեսերը, երբ Արցախի իշխանությունները համառ պայքար էին սկսել երկրամասի ազատագրման համար։
Մոտ երեք տարի առաջ Պտրեցիք գյուղի անտառներում հայատնաբերվել է մի խաչքար, որն ամենայն հավանականությամբ նման խաչքարերի առաջնեկներից է։
Հարթակը նշում է, որ խաչքարն արձանագրություն չունի և նրա մոտավոր ժամանակի մասին կարող են դատել ելնելով ծավալային լուծումից, հորինվածքի առանձին բաղադրիչների պատկերագրական առանձնահատկություններից և քանդակի տեխնիկական կատարումից։
Իր պարզությամբ առանձնանում է նաև պատկերաքանդակը. պատկերված չեն հեծայալի հագուստը, գլխարկը, մանրամասնված չեն դեմքը, ձիասարքը, թամբը։ Մերկացրած թուրը և գոտուն ամրացրած պատյանն ավելի ենթադրելի են։ Թվարկած մանրամասները հիմք են տալիս խաչքարը վերագրել 11-րդ դարին, ամենավերին սահման համարելով 12-րդ դարի սկիզբը։
Բայց այս պարզ ու սխեմատիկ ներկայացումն իրականացված է հստակ կառուցվածքով՝ վարդյակ, խաչի կոթուն, ականթազարդեր, խորանի վերնակյունից իջնող ողկույզներ, ճշգրիտ ու ելնդավոր քանդակ՝ հատկություններ, որ առանձին հմայք են հաղորդում այս եզակի խաչքարին։
