Արցախի մշակութային և հոգևոր ժառանգությանը նվիրված համաժողով Եվրոպական Խորհրդարանում

  • by Western Armenia, 25 Հունվարի, 2024 in Հասարակություն
43 դիտում

2024 թվականի հունվարի 24-ին Բրյուսելում, Եվրոպական Խորհրդարանում, տեղի ունեցավ՝ «Պահպանելով  Արցախի մշակութային և հոգևոր ժառանգությունը» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոխորհրդարանի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բելգիայի Թագավորությունում՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար ՝Տիգրան Բալայանը և Եվրոխորհրդարանի պատգամավոր՝ Միրիամ Լեքսմանը:

 Բաքվի կողմից հայոց սրբավայրերի թիրախավորման, պատմամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության և այդ ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվելիք քայլերի հրատապության մասին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի բաժնի վարիչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Իր զեկույցում Հայր Սուրբը կոչ արեց պաշտպանել Արցախի  մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը, որն ամրագրված է միջազգային մի շարք պայմանագրերով, ինչպես նաև հնարավորություն ընձեռնել ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելության ներկայացուցիչներին այցելելու տարածաշրջան և փաստագրելու մշակութային հուշարձանների կարգավիճակը:

Խորհրդաժողովին զեկույցներով հանդես եկան նաև Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության պահպանության միջազգային հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Սնեսկա Քուաեդվիեգ-Միխայլովիչը, «Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպության Արցախի մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը և Լյովենի համալսարանի պրոֆեսոր Պիեռ դ’Արժանը: