

Իսպանիայի Գրանադայի համալսարանում տեղի է ունեցել «Արցախ. Էթնիկ զտման դեմքերը» խորագրով համաժողով և լուսանկարչական ցուցահանդես։ Միջոցառումը անցկացվել է՝ չնայած Ադրբեջանի դեսպանատան ճնշումներին։
Համաժողովի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրին ավելի քան հարյուր հազար հայերի բռնի տեղահանմանը Արցախից։
Բանախոսների թվում էին ֆոտոլրագրող Անդրեու Ֆերնանդես Գարսիան և Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը։ Վերջինս իր ելույթում ընդգծել է միջազգային հանրության կողմից Արցախում տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու կարևորությունը։
Ֆոտոլրագրող Անդրեու Ֆերնանդեսը ներկայացրել է նաև իր աշխատանքները, որոնք նկարահանվել են Հայաստանի Վայք և Գորիս քաղաքների փախստականների ընդունման կենտրոններում։ Լուսանկարների միջոցով նա պատմել է տեղահանված ընտանիքների պատմությունները և ներկայացրել տեղի ունեցածը որպես վավերագրական հիշողություն։
Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության և հակամարտությունների հետազոտական ինստիտուտի կողմից՝ Գրանադայի համալսարանի Քաղաքագիտության և սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքապետարանի և Իսպանա-հայկական ուսումնասիրությունների ցանցի աջակցությամբ։
Ցուցահանդեսը տեղադրվել է համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում՝ նպատակ ունենալով միջազգային հանրությանը ներկայացնել Արցախի հայերի ճակատագրի մասին փաստերը և բարձրացնել իրազեկվածությունը։
