Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանի տնօրինությունը ուրախությամբ հայտարարում է 7-10 տարեկան երեխաների համար արևմտահայերենով պատրաստված գիտելիքների և նյութերի շտեմարանի՝ «Պուրակ» հարթակի մեկնարկը:
«Պուրակ»-ը ծնունդ առավ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի հովանավորությամբ:
Ծրագրի նպատակն է զարկ տալ արևմտահայերենի բառամթերքի ու լեզվամտածողության զարգացմանը և տարբերակել արևմտահայերենով դասավանդվող նյութերի մատուցման եղանակները՝ առավել ևս արմատացնելով արևմտահայերենի կենսունակությունը:
Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի մանկավարժական սկզբունքների հիման վրա՝ աշակերտները տարրական և նախակրթարան բաժինների առաջին տարիներին հիմնական բոլոր նյութերի դասավանդությունները ստանում են իրենց մայրենի լեզվով՝ հայերենով: Հետևաբար, տարբեր կարողություններով օժտված և ներկա մասնագիտացած առօրյայում ապրող հայ երեխայի համար լսատեսողական արդի և ժամանակակից միջոցներով պատրաստված նման մի ծրագրի իրագործումը նպաստում է արևմտահայերենով հավելյալ ընդհանուր զարգացմանը: Այն ընդգրկում է հայ լեզվի, պատմության, աշխարհագրության, մշակույթի, թվաբանության և գիտության ոլորտները:
«Պուրակ»-ը հարթակ է, որտեղ գիտելիքների և նյութերի ներկայացումը կատարվում է կարճ տեսաերիզների և համապատասխան տպվող թերթիկների միջոցով: «Պուրակ»-ի համար պատրաստված տեսաերիզները, աստիճանաբար բարդացող վարժությունները և օժանդակ թերթիկները ապահովում են նյութերի և մտքերի լսատեսողական միջոցներով փոխանցումը և տրամաբանական զարգացումը՝ նպաստելով երեխայի ընդհանուր զարգացմանը:
«Պուրակ»-ի աշխատակազմը բաղկացած է Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի անձնակազմից՝ ճեմարանի տնօրինության անմիջական հսկողությամբ: Աշխատանքը բաժնվել է երկու գլխավոր բաժինների՝ մանկավարժական և «տեխնիկ»: Յուրաքանչյուր բաժին ունի իր պատասխանատուն և համապատասխան աշխատակիցների խմբակը:
«Պուրակ»-ի բոլոր աշխատակիցները մեծ խանդավառությամբ իրենց մասնակցությունը բերեցին այս ծրագրին՝ հավատալով նրա նպատակին. աշխատանքի ընթացքում հաճախ ստացանք ստեղծագործ նոր առաջարկներ՝ առաջիկայում դրանք կիրառելու համար։
«Պուրակ»-ի բոլոր աշխատակիցները հավատում են, որ ուսուցիչների, աշակերտների կամ ծնողների համար նմանօրինակ հարթակներ և այլ գրավիչ ու ստեղծագործ նորարարությունները անհրաժեշտություններ են հայ երեխաների համար դպրոցում կամ ժամանցին ։
Այժմ հայտարարում ենք «Պուրակ»-ի մեկնարկը Bourag.com հասցեով: Տեսաերիզների և թերթիկների առաջին բաժինը արդեն իսկ զետեղված է հարթակում. հարթակը սկսվում է 11 տեսեարիզներով և 22 տպվող թերթիկներով: Հարթակը շաբաթական թարմացվում է նորություններով։ Հուսով ենք, որ կարելի է «Պուրակ»-ը մշտապես համալրել նորանոր հատվածներով, բացատրություններով, տեսաերիզներով և այլ ստեղծագործական հոդվածներով:
Երախտապարտ ենք այսպիսի նախաձեռնությունները քաջալերողներին եւ հովանավորողներին։ Իբրև հայ մանկավարժներ և մասնագետներ՝ մեր առաքելությունն է վառ պահել հայերենը ու զարկ տալ դրա զարգացմանը։
