Արևմտյան Հայաստանի  գյուղերում պահպանված համշեներենը

  • by Western Armenia, 12 Ապրիլի, 2024 in Հասարակություն
46 դիտում

Համշենցիների և համշեներենի վերաբերյալ ուսումնասիրություններում հաճախ հանդիպող Արևմտյան Համշեն-Արևելյան Համշեն տարբերակումը հիմնված է լեզվի խոսվել-չխոսվելու վրա։ 

Այն դեպքում, երբ արևելյան խումբ համարվող Արդվին նահանգի Խոփա, Քեմալփաշա և Բորչկա գավառներում բնակվող համշենցիները հաղորդակցվում են Համշենի հայերենով, արևմտյան խմբում ընդգրկված Ռիզե, Տրապիզոն և Կարին գավառներում ապրողները չեն խոսում այդ լեզվով։ Այս տարբերակումը միևնույն ժամանակ հիմք է տալիս, որպեսզի բանավեճի թեմա դառնա արևմտյան խմբում ներառված համշենցիների՝ հայերենի հետ առնչության հարցը։ Արևմտյան համշենցիները մոռացե՞լ են հայերենը։ Եթե նրանք մոռացել են, ապա արևելյան համշենցիներն ինչու՞ չեն մոռացել։ Նման հարցերը այդ քննարկումների ժամանակ բարձրացվող հիմնախնդիրներն են։ 

Հետևաբար, այս շրջաններում հայերենի հետքերով գնալը խիստ կարևոր է նման հարցերին պատասխաններ գտնելու առումով։ Այդ շրջաններում հայոց լեզվի հետքերին հետևելու ամենակարևոր աղբյուրներից են ճանապարհորդների նոթերը։ Տվյալ տարածքներ այցելած ճանապարհորդներ Բժշկյանը, Մառը և Կոխը վկայում են, որ այդ շրջանի բնակիչները մուսուլմանացած հայեր են, ովքեր հայերեն են խոսում։

Մեզ այդ հետքերին հետևելու հնարավորություն ընձեռող մեկ այլ աղբյուր են այդ շրջանների տեղանուններն ու տոհմանունները։ Շրջանում դեռևս օգտագործվում են այնպիսի հայկական տոհմանուններ, ինչպիսիք են՝ Գրիգորը, Թիմոշը, Խոզգերը և Մինասը։ Այդ տարածքներում յայլաների, լեռների, գագաթների անունների շրջանում բազում հայկական անուններ են պահպանվել։ Դրանց շարքում կարելի է հիշատակել այնպիսի խորհրդանշական տեղանուն, ինչպիսին «Մատուռն» է։ Մեկ այլ աղբյուր են օսմանյան արխիվներում պահպանված հարկահանության մատյանները, որոնցում առկա են գյուղերում ապրած հարկատուների ցանկերը։ Շրջանի գյուղերում 1600-ական թվականներին հարկատուների անունները հայկական են, իսկ հետագա տարիներին մուսուլմանական անունները հետզհետե ավելանում են։ Որոշ արձանագրություններում հնարավոր է հանդիպել մարդկանց, ովքեր կրում են մահմեդական անուններ, սակայն՝ հայկական հայրանուններ։ Նշենք, որ շուտով այդ արձանագրությունների վերաբերյալ նոր ուսումնասիրություններ են հրատարակվելու։

Կարող եք կարդալ նաև ՝

Համշենցիներու ոչ թէ միջինասիական, այլ Արեւմտեան Հայաստանի գենետիկական ծագում ունեն

Հայկական ինքնություն

Հայը կարո՞ղ է մուսուլման լինել