Արևմտյան Հայաստանի զավակները․ Արամ Թորոսյան

  • by Western Armenia, 28 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
100 դիտում

Երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը, Արամ Թորոսյանը երկու ամսվա զինծառայող էր: Արամն ու իր նման նորակոչիկ տղաները Արցախի դեմ  Բաքվի սանձազերծած լայնածավալ պատերազմում պատմություններ են կերտել: Արցախի հանդեպ Արամի սերը նկատվել է այն ժամանակ, երբ ֆուտբոլ էր պարապում և մրցաշարերի ժամանակ հաճախ էր Արցախ գնում: Ապագա բժիշկը մինչև վերջ կռվել է ու հավատացել, որ Շուշին չի ընկնելու: 

Սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է թեժ մարտերի, ոչ ոք հաշվի չի առել, որ նորակոչիկ է, մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ջրականի, Քարինտակի և Շուշիի մարտերին:

Քարինտակում 23 օր մնացել է շրջափակման մեջ: Հայրը գիտեր, որ Արամս շրջափակման մեջ էր, զանգել էր հորը և ասել, որ 23 օր մենք շրջափակման մեջ ենք եղել: Հայրը խորհուրդներ էր տվել, ինչի արդյունքում կարողացել էին դուրս գալ շրջափակումից: Հետո Շուշիի մարտերին է մասնակցել։ 

Oragir.News-ի հետ զրույցում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Թորոսյանի մայրը՝ Թագուհի Արիստակեսյանը պատմել է , որ պատերազմի օրերին ամեն օր զանգում էր, չի եղել մի օր, որ չզանգի… «Լացում էի, ասում՝ Արամ ջան, զգույշ կլինես, ասում էր՝ մամ ջան, մի լացի, ու ծիծաղում էր: Անգամ ամենադժվարին իրավիճակում ժպիտն անպակաս էր դեմքից: Եթե դուք նայել եք WarGonzo-ի տեսանյութը Շուշիի մատույցներից 44-օրյա պատերազմի ժամանակ, ապա չեք կարող նկատած չլինել Արամի ժպիտը: Ռուսական ալիքներն այդ տեսանյութը անվանեցին «Ժպտացող զինվորը»: Զենքերը կրակում էին, ռումբերն ընկնում ոռնոցով, իսկ հայ զինվորը ժպտում էր լայնաշուրթ: Թուրքական «բայրաքթարների», հատուկ պատրաստություն անցած վարձկանների ու ադրբեջանական անհատնում ոհմակի դեմ նրա ժպիտն ասում էր՝ մենք չենք վախենում մահից, Շուշիի համար կռվելու ենք մինչև արյան վերջին կաթիլն ու հաղթելու ենք :

Արամ Թորոսյանը պատերազմի 43-րդ օրը երկու անգամ վիրավորում է ստանում. մեկը՝ առավոտյան, մյուսը՝ երեկոյան: «Մինչև իրիկունը 23:30 մեզ հետ խոսել է, մեզ միշտ դուխ է տվել, մինչև վերջ ասել է, որ հաղթելու ենք, ասում էր՝ մամա ջան, մեր հողը թշնամուն չենք տա: Ասում էր՝ գիտեք՝ ինչքան ընկերներ եմ կորցրել, ես չեմ կարող թողնել ու դուրս գալ:

Արամս իր ժպիտը թողեց Շուշիում, տղայիս ժպիտը գերության մեջ է, տղայիս վերջին շունչը, նրա կյանքի վերջին ժամերը: Իմ որդին կռվել և կյանքը տվել է Շուշիի համար, բայց Շուշին մերը չէ»։