Արևմտյան Հայաստանի զավակները․ Էրիկ Գևորգյան

  • by Western Armenia, 25 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
96 դիտում

Լեյտենանտ Էրիկ Արմենի Գևորգյանը ծնվել է Երևանում 1997թ օգոստոսի 2-ին։ Ունի մեկ քույր։ Սովորել և ավարտել է Երևանի Գ. Զոհրապի անվան թիվ 97 դպրոցը։ Մշտապես աչքի է ընկել լավ վարքով և ուսումնական առաջադիմությամբ։Բացի դպրոցից սովորել է նաև ծրագրավորում։ Ութերորդ դասարանից ակտիվ սովորել,  այնուհետև աշխատել է այդ մասնագիտությամբ մի շարք կազմակերպությունների և անհատների հետ։ Դպրոցին զուգահեռ զբաղվում էր մարմնամարզությամբ, բոքսով, լողով։ Ազատ ժամանակ քիչ էր ունենում։

Լողի մրցումներին մշտապես պատվո հարթակին էր՝ հիմնականում ամենաբարձր աստիճանին։ Հաղթել է ՀՀ լողի, Գյումրու «Քաղաքապետի գավաթի», Նեպտուն մարզադպրոցի և մի շարք այլ առաջնություններում, նա գերազանց արդյունք ցույց էր տալիս լողի բոլոր վարժություններում։

Այսքանին զուգահեռ Էրիկը հասցնում էր կարդալ, շատ էր կարդում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ՝ անվճար։ Իր երազանքներից էր։ Նաև ուզում էր բիզնեսմեն դառնալ, սեպտեմբերի 26-ին պիտի գար ու գործերը տար Կառավարման ակադեմիայի հեռակա կրթության բաժին, բայց երկու օր առաջ բարձրացրել էին դիրքեր։

Մասնակցել է «Պատիվ ունեմ» ծրագրին, համալսարանին զուգահեռ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և բանակ զորակոչվել է որպես լեյտենանտ։ Դ-30 հաուբից հրանոթի հաշվարկի հրամանատար էր, իր գործին գերազանց էր տիրապետում։ Պատերազմի օրերին էլ մշտապես ակտիվ մարտական գործողությունների մեջ էին։Զինվորին և ծառայությանը նվիրված էր։ Առաջին օրվանից աչքի է ընկել իր խելքով ու պատերազմի ժամանակ կատարել է մարտկոցի ավագ սպայի պարտականություններ։ Հաշվարկները ինքն էր անում զենքը իրենք էին սպասարկում։ Նշված թիրախները Էրիկը խոցում էր բացարձակ ճշտգրտությամբ, ինչն այնքան էլ հեշտ չէր։Մարտական հերթական առաջադրանքը ստանալուց հետո, երբ հաշվարկներն արդեն արված էին, միայնակ գնացել է հրանոթի թելը քաշելու, զինվորներին արգելել է իր հետ գնալ։ Մարտական առաջադանքը հաջողությամբ կատարելուց հետո՝ դիրք վերադառնալիս գլխի շրջանում վնասվածք է ստացել և հոկտեմբերի 8-ին մահացել՝ իր հրամանի շնորհիվ փրկելով մյուս զինվորների կյանքը։

Էրիկ Գևորգյանը ներկայացված է Արիության մեդալի։