Արևմտյան Հայաստանի զավակները․Կիմ Խաչատրյան

  • by Western Armenia, 13 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
84 դիտում

«Բախտը մեկն է զինվորի, կամ մահ, կամ ազատություն»․ հենց այս խոսքերն էլ որպես կարգախոս ընտրած կամավոր Կիմ Խաչատրյանը զոհվեց հանուն հայրենիքի 2020 թվականի հոկտեմբերի 30-ին։Կիմը ծնվել է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում։ Շատ էր սիրում հայրենի գյուղը։ Ընկերները պատմում են, որ հաճախ էր պնդում, որ այցելեն Արենի։Հատուկ սեր ուներ սեփական ծննդավայրի հանդեպ, բայց Արցախի նկատմամբ իր զգացումները տարբերվում էին, ինչպես ընկերներն են պնդում՝ այդ սերն ուրիշ էր, երկնային էր։ Կիմը սովորում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, երազում էր իր գյուղում ատամնաբուժարան հիմնել։ Հպարտ, հայրենասեր, գեղեցկադեմ, բարի ժպիտով․ բոլորն այսպես են հիշում  ու նկարագրում Կիմ Խաչատրյանին։

Կիմը կամավորագրվեց պատերազմի հենց առաջին օրվանից։ Հանգամանքների բերումով ռազմաճակատ մեկնեց հոկտեմբերի 12-ին։ Այդ երկու շաբաթների ընթացքում Կիմը մի առիթով գրել էր՝ «ամաչում եմ քաղաքացիական հագուստով շրջեմ, երբ ընկերներս ռազմի դաշտում են»։ 

Պատերազմ մեկնելու նախորդ օրը Կիմը գրել էր․ 

Բախտը մեկն է զինվորի`
Կամ մահ,կամ ազատություն
Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,
Նշանահատիկդ միշտ ճշտված պահիր,
Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,
Եվ նրան հանձնի անաչառ մահին:
Կռվի մեջ չկա գթության խնդիր,
Եվ ոչ էլ խղճի գերակայություն,
Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր
Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն:
Թշնամուցդ ավելի եղիր անողոք,
Լուծիր հնացող ցավը վրեժի,
Թող քեզ չհուզեն կական ու բողոք,
Երբ քո խնդիրը մահն է հրեշի:
Թող որ թշնամիդ անիծի զարկդ,
Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,
Բազուկդ սակայն կօրհնի քո ազգը,
Եվ քաջությունդ երգով կգովի: