Արևմտյան Հայաստանի զավակները․ Հայկազ Մկրտչյան

  • by Western Armenia, 22 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
93 դիտում

Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։  Զբաղվել է լողով, կարատեով և շախմատով։  2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նույն թվականից անդամակցել է «Առաջին Հայկական Ճակատ»-ին։ Ակտիվ, կենսուրախ, ընկերասեր էր Հայկազը։ Փոքր տարիքից պայքարում էր անարդարության դեմ, ամեն հարցում ընկերների կողքին էր, իսկ տարբեր չարաճճիությունների ժամանակ, առանց մեկ վայրկյան մտածելու ամեն ինչ իր վրա էր վերցնում։ 

Բանակ Հայկազը զորակոչվել է 2019 թվականի հունվարի 23-ին։ Առաջին պատերազմական փորձը ձեռք է բերել 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ։ Մեհրաբի զորամասում եղել է կրտսեր սերժանտ՝ ականանետային հաշվարկի հրամանատար։ Հուլիսյան մարտերի ժամանակ Մեհրաբի դիրքերն է գրոհում թշնամին․ այդ ժամանակ արդեն լավագույն զինծառայողներից ձևավորվել էր համահավաք մարտկոց, որում ընդգրկվել է նաև Հայկազը։ Հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժի մեծ կորուստ:Մարտական գործողությունների ժամանակ դրսևորած ճշտապահության, քաջության ու կազմակերպվածության համար արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալին։ Մարտերի ժամանակ ասում էր. «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռվենք»:

Երբ սկսվել է 44-օրյա ատերազմը, Հայկազին մտահոգել է այն, որ իրենք Արցախում չեն՝ մյուս տղաների կողքին։ Ընտանիքի հետ խոսելիս ասել է․ «Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Արցախ չգնանք, կռիվը չի վերջանա»:  Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան ։ Մկրտչյան Հայկազը անընդհատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Նրա հաշվարկը 4 օրվա ընթացքում կատարել է մոտ 300 կրակոց, վերջում թիվը հասցնելով 1000-ի։ Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։  Հայկազը պատերազմի ընթացքում 1-ին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը այդպես էլ անկատար մնաց։Հոկտեմբերի 29-ին թշնամու կիրառած Բայրաքթարի հարվածից վիրավորվել է Հայկազն ու 12 օր պայքարել ապրելու համար և անմահացել նոյեմբերի 9-ին՝ հրադադարից մեկ ժամ առաջ։ Նրան հետմահու արժանացրին Մարտական ծառության մեդալի։