Արևմտյան  Հայաստանի զավակները․Հայկազ Մկրտչյան

  • by Western Armenia, 15 Օգոստոսի, 2023 in Հասարակություն
162 դիտում

«Եթե չլինի Արցախը, չես լինի դու, չի լինի մեր մանկության տունը: Եթե պետք ա, պիտի մեռնես դրա համար», -  սա հատված է 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի և քրոջ նամակագրությունից պատերազմի ընթացքում։

Քույրը գրում է՝ «Հայկազ, ես հպարտ եմ, որ դուք հուլիսին կռվել եք, քո հասանելիքն արել ես», Հայկազը պատասխանում է՝ «չէ, էդ մի անգամ անելով չի, ես երկու տարի շոգին, ցրտին, քնաթաթախ էս պոստերը պահել եմ, ոնց կարամ թողնեմ իրանց»։ Հայկազը շախմատիստ էր, միշտ երկու քայլ առաջ մտածող, հաշվարկող ու արդար։ Հրամանատարը վկայում է, որ հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի ժամանակ հաշվարկի հրամանատար Հայկազի ու զինակից ընկերների կրակած բոլոր ականանետերը բացառապես նշանակետին են հարվածել։

Հայկազը Տավուշում էր ծառայում։ Մի օր տուն էր զանգել և տխուր ձայնով կիսվել մոր հետ․ «Մամ, էնքան վատ բան ա եղել․ էլ դիրքեր չենք բարձրանալու, ախր, մենակ էնտեղ ես հասկանում, թե ինչի ես բանակում, երբ նայում ես ներքևի գյուղում խաղաղ քնած բնակիչներին․ էդ մարդկանց համար ո՞նց չկռվես»։

2020թ․-ի հոկտեմբերի 14-ին Հայկազը նորից դիրքեր բարձրացավ։ Կռվեց Հադրութի գյուղերով՝ հասցնելով ընկերներին փրկել, շրջափակման մեջ ընկնել ու դուրս գալ։ Սարուշենի մարտերի ժամանակ բայրաքթարի հարվածից Հայկազն այլևս չարթնացավ։ Ֆուտբոլում փայլող ու արագավազ Հայկազը կյանքում առաջին անգամ բավականաչափ արագ վազել չհասցրեց․․․

«Դուք ուղղակի ապրում եք, քնում ու զարթնում, բայց Հայաստանի մասին ոչ մի բան չգիտեք ու չեք հասկանում։ Իսկ ես հիմա ամեն ինչ ուզում եմ անեմ, որ լավ լինի բանակի համար՝ ջոկիս, դասակիս, գնդիս, մարտկոցիս ու ամեն ինչի․․․», – գրում էր Հայկազը քրոջը՝ Արևիկին։