Արևմտյան Հայաստանի զավակները․ Հովիկ Ավագյան

  • by Western Armenia, 18 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
101 դիտում

2020թ. հոկտեմբերի 23-ին Թաղավարդ գյուղի բնակիչ, կամավոր Հովիկ Ավագյանը Քիրս լեռան մոտակայքում Հադրութից նահանջող 52 զինծառայողի հանում է շրջափակումից և հասցնում այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող Զարդանաշեն գյուղ։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, Հովիկ Ավագյանը զոհվում է Զարդանաշեն-Թաղավարդ գյուղերի միջև գտնվող դիրքում, դիպուկահարի կրակոցից։

Հովիկը ընտանիքի հետ ապրում էր Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Հովիկն ու կինը՝ Էմման, 3 դուստր ունեն։ Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հովիկ Ավագյանը կնոջ հետ Ստեփանակերտում է եղել։ Ռումբերի պայթյունի ձայներ են լսել, Հովիկը կնոջ հետ Թաղավարդ է վերադարձել։

Երկու օր անց, տեսնելով, որ իրավիճակն ավելի է լարվում, Էմման աղջիկների հետ տեղափոխվել է Երևան։ Հովիկ Ավագյանը Արցախյան առաջին պատերազմի ընթացքում վիրավորվել էր, ուներ երկրորդ կարգի հաշմանդամություն։ Կինը՝ Էմման, պատերազմի օրերին ամուսնուն հորդորել է, որ նա էլ դուրս գա գյուղից, սակայն Հովիկը մնացել է գյուղում․ «Չեմ թողի գյուղը, ո՞նց եմ հետո գյուղացիների դեմքին նայելու»,- ասել է Հովիկը։Վերջին անգամ Հովիկին տեսել է Զարդանաշենի գյուղապետ Վոլոդյա Դանիելյանը։ Գյուղ եկած պահեստազորին դիմավորելու ճանապարհին տեսել է Հովիկին՝ մենակ ծառի մոտ դիրքավորված, ասել է, որ պահեստազորի տղաներն են գալիս։ Ժամեր անց կրակոցի ձայներ են լսվել։ Գյուղապռտը իմացել է, որ մեկ հեգի գյուղից զոհվել է, սկեսլ է հերթով զանգահարել  բոլոր նրանց, ովքեր եղել են մոտակա դիրքերում։ Միայն Հովիկը չի պատասխանել: Հովիկի ավագ դստեր՝ Գայանեի ամուսինը զոհվելու օրվա առավոտյան զանգահարել է Հովիկին, հարցրել, թե ինչու՞ դուրս չի գալիս գյուղից, քանի որ արդեն մյուս բոլոր գյուղացիները դուրս են եկել։ Հովիկն ասել է, որ արդեն ուշ է։։ Հովիկի մարմինը դուրս է բերել կնոջ՝ Էմմայի եղբայրը։ Հովիկի հեռախոսն ու զենքն իր հետ չի եղել, բայց անձնագիրը գրպանում էր։

Հովիկին հուղարկավորել են հոկտեմբերի 25-ին Թաղավարդի գերեզմանատանը։ Գերեզմանատունը գտնվում էր Վերին Թաղավարդում, որը հոկտեմբերի 27-ին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

2020-ի դեկտեմբերի 19-ին Հովիկ Ավագյանի ու Թաղավարդում հուղարկավորված ևս 4 գյուղացիների աճյունները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով դուրս են բերվել Վերին Թաղավարդից և վերահուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը, որը 2023 թվականին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ ։