Արևմտյան  Հայաստանի զավակները․Մերուժան Ստեփանյան

  • by Western Armenia, 24 Հուլիսի, 2023 in Հասարակություն
115 դիտում

Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականին հունվարի 17-ին, Գյումրի քաղաքում։ Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ինստիտուտը ավարտելուց հետո սկսել է աշխատել և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում և երգում էր։ Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում։

Թալիշի մարտական դիրքում 2016 թվականի ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը շփման գծում ադրբեջանցիների հարձակումից զոհվեցին 4-րդ դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը։

«Այդ ժամանակ Երեւանում էիք ապրում»,- հիշում է Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն: «Ամուսինս աշխատում էր Վազգեն Սարգսյան ինստիտուտում, զանգեց, թե՝ զանգի երեխի հետ խոսի, ընդեղ Թալիշում պատերազմ է, շատ վատ վիճակ է: Զանգեցի, խոսեցի, Մերուժանս սովորության համաձայն, շատ բարձր տրամադրությամբ խոսեց ու ասաց՝ մամ, ես քեզ էսքան ժամանակ չեմ խաբել, էսօր էլ չեմ խաբի, ու դու հավատա ինձ, այն ինչի մասին լսել, անհանգստացել եք, ընդամենը դիվերսիա էր, հետ ենք ուղարկել, հիմա ուղղակի հանգստանալու ժամ է, գնում ենք հանգստանալու: Մեկ էլ Մերուժս ասաց՝ մա, ի՞նչ ես անում, ասեցի՝ տանն եմ, ինքն էլ թե՝ մի բան պիտի խնդրեմ, արագ հասի եկեղեցի եւ մոմ վառի: Մոմ վառի, որ ես ու իմ տղեքը անփորձանք լինենք: Ես գնացի եւ արդեն գիտեի, որ Աստված կողքին է ու ոչ մի բան չի պատահի, բայց, ցավոք, պատահեց: Դա ապրիլի 2-ի առավոտյան էր, արդեն 9 անց կես: Մերուժս ասեց, թե՝ մամա, սաղ գիշերը նորմալ է եղել, անհանգստանալու բան չկա, հանգիստ եղի: Ես կքնեմ, կարթնանամ, ու նորից կզանգեմ: Ու ես հավատացի, ես միշտ եմ իրեն հավատացել, որովհետեւ միշտ խոսքի տերն է եղել: Այդ օրն էլ հավատացի, բայց էդ հավատը անհանգստության վերածվեց, անհամբեր դարձա, անընդհատ սպասում էի զանգերին, ու էդ զանգերը չեղան»: