Արևմտյան Հայաստանի զավակները․Ռուբեն Համբարձումյան

  • by Western Armenia, 12 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
69 դիտում

44-օրյա պատերազմում զոհված կանաչ աչքերով Ռուբենը, որը աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռն էր, փոքրուց սիրահարված էր աստղերին։ Մարտունիում է ծառայելիս եղել, Համբարձումյանների ընտանիքին անծանոթ շատ մարդիկ են նրանց ասել՝ եթե Ռուբենի ճշգրիտ հաշվարկները չլինեին, Մարտունու զորամասը հօդս ցնդած կլիներ։ Պատերազմի ընթացքում Ռուբենի հաշվարկած թիրախների կորդինատներով, բացարձակ ճշգրտությամբ, ոչնչացվել է թշնամու ահռելի թվով զրահատեխնիկա։ Նա մասնակցել է Մարտունու թեժ մարտերին։ Հոկտեմբերի 2-ին վիրավորվել է ՝ ստանալով կանտուզիա, և մի քանի օր բուժվելուց հետո՝ դեռ չապաքինված, նորից անցել է ծառայության։ Ռուբենը զոհվել է Մարտիունիում՝ հոկտեմբերի 22-ին։ Ամրակազմ, թիկնեղ տղան, որ շատ էր սիրում թվերի ու աստղերի աշխարհը ծնվել է Երևանում։ 

Ռուբենս սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ Բացառիկ խելքի տեր էր։ Կրտսեր Համբարձումյանն ընդունվել էր ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, նաև Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան։ Որոշել էր՝ մինչև չծառայի, չի մեկնի Մոսկվա։ 

Նա  դարձել էր ավագ հետախույզ, ապա՝ հրետանավոր։ Ծառայության 6-րդ ամսում սերժանտական դասընթացների էր մասնակցել։ Լավ ծառայության համար սեպտեմբերի 12-ին Ռուբենը ստացել էր սերժանտի կոչում և պարգևատրվել «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Մաթեմատիկայի և հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ դարձել էր N հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող։