Արևմտյան  Հայաստանի զավակները․Սամվել Անտոնյան՝ Քեռի

  • by Western Armenia, 27 Մայիսի, 2023 in Հասարակություն
182 դիտում

Սամվել Անտոնյան՝ Քեռին ծնվել է՝ 1967թվականի հունվարի 15-ին Ջավախքում։ 1988թ. հունիսին պետք է մեկներ Կիրովգրադ՝ սովորելու քաղաքացիական ավիացիայի ուսումնարանում: Հենց «Զվարթնոց» օդանավակայանում էլ պատռել է ուղետոմսը ու զինվորագրվել արցախյան ազգային-ազատագրական շարժմանը: Սամվելի մարտական ուղին սկսվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններից՝ Խնձորուտ,Կոռնիձոր,Երասխավան։

Ամեն անգամ մարտի գնալուց առաջ երգում էր մեծ հայդուկապետ Քեռուն նվիրված «Քեռի» երգը, որի համար ընկերները նրան կնքել են «Քեռի» պատվանունով։

1991թ.հունվարի 9-ին Քեռին կատարել է իր վերջին առաջադրանքը ։ Արցախում երեխա էր ծնվելու:Հղի կնոջը պետք էր Կղարծիից Գիշի տեղափոխել: Ղարադաղլու գյուղի մոտ մեքենան ընկնում է ազերիների դարանը: Կռվել է ազերիների դեմ մինչև վերջին շունչը՝ խոցոտված մարմնով ծածկելով հղի կնոջը, որի ամուսնուն արդեն սպանել էին: Միայնակ մարտնչելուց հետո ընկել է հերոսաբար։ Նա անկախ հայրենիքի, ազգային բանակի մասին բազմաթիվ գրառումներ է ունեցել ծոցատետրում, որտեղ իր խոհերն էր արտահայտել։

«Ինչ էլ որ լինի, պետք է հայրենի հողի զինվոր լինել: Արյան վերջին կաթիլով պիտի վրեժի, ցասման, պայքարի խոսք ասել: Մեր բազուկն ինչի՞ համար է,եթե ոչ՝ մեր ազգի, հողի, պատվի պաշտպանության: Արցախի պատիվը պաշտպանել, նշանակում է մեր օջախի մասին մտածել...»,- գրել է նա։