Արևմտյան Հայաստանի զավակները․Սիան Էլիաս

  • by Western Armenia, 22 Ապրիլի, 2023 in Հասարակություն
194 դիտում

Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի 12-րդ և գործող նախագահն է։ Երկրի դատական համակարգի ամենատարեց անդամն է։ Սրբուհի Էլիասը ծնվել է 1949 թվականին, Լոնդոնում։ Հայրը՝ Մինաս Էլիասը Հայերի դեմ իրականցված ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգ էր, մայրը Ուելսեցի (այստեղից հայկական անունն ու վալլական ազգանունը)։ Ծնողները Նոր Զելանդիա են տեղափոխվել, երբ Սրբուհին ընդամենը մեկ տարեկան է եղել։

Էլիասը 1984-1988 թվականներին աշխատել է Օքլենդի շրջանի իրավական հարցերով կոմիսարի պաշտոնում։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ և բյուրոկրատական կամայականությունների դեմ պայքարի համբավ ձեռք բերել։ Նա հայտնի է Վայթանգիի պայմանագրի հետ կապված իր վարած տարբեր գործերով։ 1988 թվականին Էլիասը դարձել է թագավորական փաստաբան նշանակված երկու կանանցից մեկը (մյուսը՝ Լոուել Հոդարդն է)։

1990 թվականին երկրին մատուցած ծառայությունների համար ստացել է պետական մրցանակ՝ Նոր Զելանդիայի Հուշամեդալ։ Էլիասը 1995 թվականին դարձել է Գերագույն դատարանի դատավոր, և երբեմն պաշտոնավարել է Վերաքննիչ դատարանում։

1999 թվականին Էլիասը առաջին կինն էր, ում հաջողվել է զբաղեցնել Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը (մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էին միայն տղամարդիկ)։ Այդ պահից սկսած մինչ վերջերս Էլիասը Նոր Զելանդիայի գլխավոր դատավորն է եղել։ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ի հրամանով  Սրբուհին երեք անգամ պաշտոնապես զբաղեցրել է Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետի պաշտոնը, երբ այն թափուր է մնացել։