Արևմտյան Հայաստանի զավակները․Տիգրան Հարությունյան

  • by Western Armenia, 08 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
104 դիտում

Տիգրան Հարությունյանն արտիստ էր իր բոլոր հատկանիշներով․ գեղեցիկ ու ոչ ոքի անտարբեր չթողնող արտաքին տեսքը, գրավչությունն ու արտիստիզմը նրան բեմից ու էկրանից բացի այլ տեղ գնալու հնարավորություն չէին թողնում։

Ընկերները Տիգրանին հաճախ անվանում էին երիտասարդ ԴիԿապրիո։ Պարարվեստի քոլեջում սովորելուց ու երկար տարիներ տարբեր խմբերում պարելուց հետո Տիգրանն ընտրեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ պարում էր «Ամարաս» համույթում, նրանց հետ հասցրել էր արտերկիր մեկնել համերգների, մասնավորապես Փարիզ և Մոսկվա։ Տիգրանը դերասանական կրթություն չուներ, սակայն ի ծնե տաղանդի շնորհիվ բազմաթիվ առաջարկներ էր ստանում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակներում նկարահանվելու համար։ Խաղում էր «Outdance» սիթքոմում և պարում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։

«Տիգրանը մեկ միավորի տարբերությամբ ընդունվեց անվճար ու ծառայության մեկնեց իր հասակակիցներից ավելի ուշ։ 14 տարեկանից Տիգրանն աշխատում էր ու ծառայությունից առաջ աշխատանքային փորձ ուներ բազմաթիվ ու ամենատարբեր ոլորտներում։ Ասում էր՝ ես պիտի ունենամ ամեն ինչ։

Ընկերների խոսքով՝ Տիգրանի հետ տխուր լինելն ու ձանձրանալն անհնար էր։ Ցանկացած պարագայում դրական ու լավատես էր։ Էքստրիմի սիրահար էր ու անգամ մոտոցիկլետ էր գնել։ Նրան կարելի էր գտնել ցանկացած բարձունքից թռչելիս։

Տիգրանը ծառայում էր Հադրութում, պատերազմի օրերին էլ այնտեղ է եղել։ Զինակից ընկերները պատմում են, որ նա ուժեղ զինվոր էր, կամային ու պատրաստ օգնելու ընկերներին։ Հենց այդպես էլ՝ ընկերոջը փրկելիս հերոսացել էր 2020թ․ հոկտեմբերի 10-ին։