Արևմտյան Հայաստանի զավակները․  Ղարայաններ

  • by Western Armenia, 24 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
81 դիտում

44-օրյա պատերազմում Հադրութի Քյուրաթաղ գյուղից Ղարայանների ընտանիքը երեք զոհ է ունեցել․ Գարեգին Ղարայանը և նրա երկու որդիները՝ 21-ամյա Դավիթն ու 23-ամյա Վազգենը, զոհվել են օրերի տարբերությամբ, հուղարկավորվել Եռաբլուրում։ Գարեգինն ավագ որդու հետ պատերազմ էր մեկնել կամավոր։ Կրտսեր որդին՝ Դավիթը, ժամկետային էր, ով իր վաշտի անձնակազմի հետ զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում։ Վեներան հիմա փոքր որդու, դստեր, սկեսուր-սկեսրայրի հետ տուն են վարձակալում Երևանում: Ընտանիքի վերջին ուրախությունը պատերազմի նախօրեին էր՝ փոքր որդու Մհերի ծննդյան տոնը նշեցին, առավոտյան արդեն վեր թռան պայթյունների ձայներից. «Դավիթը վեր թռավ տեղից՝ ես պիտի ընդեղ լինեմ​»​

Դավիթը պայմանագրային զինծառայող էր Մարտունիում, պատերազմի հենց առաջին օրը ընտանիքի հայրն ու ավագ որդին էլ՝ Վազգենը Վարանդա գնացին: Գարեգին Ղարայանը Վազգենի հետ ֆիզուլիում նույն օրն են զոհվել, հոկտեմբերի 15-ին, հոր մարմինը մարտադաշտից դուրս են բերել, բայց Վազգենի մարմինը հունվարին են կարողացել գտնել: Իսկ Դավիթը այն 72 զինվորների թվում էր, որոնց հոկտեմբերի 11-ին բերել էին արդեն ադրբեջանցիներով լցված Հադրութ: Ընտանիքին զինվորականները հանգստացնում էին, թե միջնեկը ողջ է՝ անտառներում թաքնված: Վեներան որդիների դեմքն էլ չի տեսել հողին հանձնելուց առաջ, միայն ամուսնունը: Երեքի մահվան համար մեղադրում է մարտադաշտում որոշում կայացնողներին, ասում է, նրանք երեքն էլ զոհվել են սխալ, փնթի հրամանների հետևանքով։ 2021 թվականին Վեներա  Ղարայանը հարցազրույցներից մեկում ասել է․

 «Ամսի 10-ին Հադրութը Թուրքի ձեռքն էր, ինչո՞ւ էդ 72 հոգուն ուղարկեցին Հադրութ, մեղադրում եմ, դատի եմ տվել, բայց ոչ մի պատասխան: Եթե հաշվենք Ֆիզուլիում ծառայությունը իրանց ոնց ա եղել, թուրքերը, որ մասում են եղել, ինչ հրաման են տվել, մեղադրում եմ, բա ինչ եմ անում»:​

Վեներան փոքր որդու հետ հայրենի Քյուրաթաղում էր մնացել պատերազմի օրերին, որպեսզի ամուսնուն ու որդիներին մոտ լինի, հետո արդեն գյուղն էլ թեժ առաջնագիծ էր դարձել, ստիպված էին հեռանալ: