Արևմտյան Հայաստանի զավակները․ Պարույր Հարությունյան

  • by Western Armenia, 23 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
252 դիտում

Պարույրը երկու քույրերի կրտսեր եղբայրն է: Շատ ամաչկոտ էր, բարի, շուտ հուզվում էր: Երբ հանդեսներ էին լինում, հուզվում էր բեմի վրա: Հետագայում ընտրեց թատերական ուղին, որը չէր համընկնում իր տեսակին։Պարույրը դպրոցում լավ չի սովորել, չնայած, որ անասելի խելացի էր: Իսկ հետո արդեն եկավ մասնագիտական ընտրության ժամանակը: 8-րդ կամ 9-րդ դասարանում էր, իր ընկերները՝ Նորայրը և Անդրանիկը, թատերական խմբակ էին հաճախում, Պարույրին նույնպես իրենց հետ տարան: Սկսեց հաճախել դասերին ու հասկացավ, որ դա իրենն է: Հետո ընդունվեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժինը, ընդ որում՝ անվճար: Ուսումն ավարտելուց հետո Պարույրը մեկնում է ժամկետային զինծառայության: 2016-2018 թթ. ծառայում է Արցախում՝ Հադրութում:  Զորացրվելուց հետո 2018 թ.-ի նոյեմբերից աշխատում էր Artn TV Station ընկերությունում՝ որպես «Անիի գաղտնիքը» ֆիլմի ռեժիսոր։ 2019-2020 թթ. աշխատել է «Բումբումիկ» ընկերությունում՝ որպես խաղավար։ Ցանկանում էր մանկապարտեզ բացել և միշտ շփվել փոքրիկ երեխաների հետ: Տարբերվում էր իր խելքով, մտավոր կարողություններով: 

 Երբ ընկերները  հարցնում էի, թե ինչո՞ւ է շարունակում խաղավար աշխատել, ինչո՞ւ չի փոխում աշխատանքը, իր պատասխանը մեկն էր՝ «դուք կարո՞ղ եք 30 րոպեում միանգամից 15 երեխայի ուրախացնել»։

Պարույրը պատերազմի դաշտ կամավոր է մեկնել:  Հարցազրույցներից մեկում քույրը պատմել է․

«Սեպտեմբերի 27-ին արթնացա, լուրերից միանգամից հասկացա, որ պատերազմ է սկսվել: Գնացի եղբորս մոտ, վստահ էի, որ լսել է պատերազմի լուրը և գնալու է: Հայրիկս, ես ու տատիկս էինք տանը, մայրիկս աշխատանքի էր: Չգիտես, թե ինչու, եղբայրս որոշել էր մեզ համար նախաճաշ պատրաստել, ինքն իմ հուշերում այդ կերպարով է՝ սրբիչն ուսին, գազօջախի մոտ կանգնած: Մոտեցա իրեն, ասացի՝ գիտե՞ս, որ պատերազմ է, քմծիծաղ տվեց, կարծես ասեր՝ եթե ես չիմանամ, էլ ո՞վ իմանա: Տանից դուրս եկան, հայրիկիս հետ նույն տեղում էին աշխատում, այն մտքով, որ այդ օրը պետք է աշխատանքի գնա, քանի որ շատ պատվերներ ուներ: Աշխատավայրում արդեն չեղարկել էր բոլոր պատվերները, ասել՝ մերոնց չասեք, հետո եկել տուն, վերցրել է պայուսակն անհրաժեշտ իրերով և, առանց մեզ հրաժեշտ տալու, գնացել: Ճանապարհից զանգահարել է ու ասել, որ պատերազմ է գնում»:

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 14-ը ընտանիքը Պարույրի հետ կապի մեջ է եղել:

Եղել է Ակնայում, Ջրականում, Հադրութում: Հերոսացել է հոկտեմբերի 17-ին՝ Հադրութում։

Քույրը Տաթևը նույն հարցազրույցում ասել է․

«Մենք այդ օրն ենք նշել, քանի որ հոկտեմբերի 15-ին և 16-ին իրեն տեսել են: Իր մարմինը մեզ են տվել 10 ամիս և չորս օր հետո: ԴՆԹ-ն այդ ժամանակ է հաստատվել: Այդ տասն ամսվա ընթացքում և մինչ օրս ինքը երազների միջոցով անընդհատ ասում է, որ հետ է գալու: Առողջական խնդիր ուներ, բայց մինչև ժամկետային զինծառայության մեկնելը Նարեկ գրքով եկեղեցում փրկվեց: Իր պատմությունն անմիջական կապ ունի այդ գրքի հետ: Երբ եղբայրս պատերազմ մեկնեց, մայրիկս Նարեկը դրեց եղբորս բարձին՝ ասելով. «Թող իր գիրքն իրեն պահի, մինչև հետ կգա»: Մինչ օրս երազների միջոցով Պարույրն ասում է, որ գիրքն իրեն պահել է, ողջ է ու հետ է գալու: Երազների միջոցով ուղղորդում է լինել նաև այնպիսի տեղերում, որտեղ երբ գնում եմ, իմանում եմ, որ Նարեկ անվանումով մատուռներ կան: Նա շատերի երազներում է հայտնվում, նաև այնպիսի մարդկանց, որոնք իմ եղբորը չեն ճանաչել: Վստահ եմ, որ մի օր ստանալու ենք մեր հարցերի պատասխանը, երբ տղաները վերադառնան: Եռաբլուրի այն հատվածում, որտեղ իմ եղբայրն է, բոլոր տղաների հարազատները սպասում են իրենց որդիների վերադարձին, նրանց ընտանիքներին տղաների մարմինները ևս մի քանի ամիս անց են փոխանցել»:

Պարույրի մասին նաև գիրք է գրվել՝ «Խենթ հայրենասերը». «Սկզբում անդրադարձ է կատարվում պատերազմին, իսկ վերջին հատվածում եղբորս հեղինակած ստեղծագործություններն են: 2013 թ.-ից նա ստեղծագործել է: 

Այն ժամանակ, երբ ընթերցում էինք իր գործերը, դրանց իմաստը չէինք հասկանում, հիմա, երբ կարդում ենք, հասկանում ենք, որ ամեն ինչ գրվել է այս օրերի մասին, նա ամեն ինչ շատ ավելի շուտ է հասկացել, քան մենք: 

Այսօր ապրում ենք այն, ինչ նա գրել է իր տողերում: Այդ գրքից նվիրել եմ ընկերներիս, բոլորն ասում են՝ մեր ամեն օրը սկսվում է գրքին նայելով, դրան ձեռք տալով, որպեսզի օրը հաջող անցնի: Հայտնվում է անծանոթների երազներում, ուժ տալիս նրանց, որ հաղթահարեն բարդ օրերը»: Հիմա Պարույրի ուղարկած նշաններն ու նրան երազում տեսնելը ուժ է տալիս ընտանիքին առաջ շարժվել: Տաթևն ասում է՝ երբեք չեն մտածել, որ կարող են առանց Պարույրի ապրել: