Արևմտյան Հայաստանի զավակները․ Սարգիս Խանոյան

  • by Western Armenia, 15 Փետրվարի, 2024 in Հասարակություն
109 դիտում

“Սպաները զոհվել են, իսկ Սարգիսս 2.5 ժամ պայքարել է”։ Նարինե Հովհաննիսյան՝ Սարգիս Խանոյանի մայրը։

Սարգիսը ժամկետային զինծառայող էր։ Նա զոհվեց Սյունիքի դիրքերը պաշտպանելիս՝ Իշխանասարի բարձունքում՝ թշնամու կողմից սանձահարած ագրեսիայի հետևանքով ։ Դա 2022 թ. սեպտեմբերի 12֊13֊ի լույս֊գիշերն էր։

«Սարգիսս կյանքով լեցուն տղա էր, ինչքան լավ բան կար, բոլորն իր մեջ էր։ Երևի, որ կյանքը կարճ էր, ամեն ինչ տեղավորվել էր այդ կարճ կյանքի մեջ»,- լրագրողների հետ զրույցում խորը ցավով և հպարտությամբ պատմում  էր Սարգիս  Խանոյանի մայրը ՝ Նարինե Հովհաննիսյանը։

Սարգիսը ծնվել էր 2003 թվականի փետրվարի 4-ին՝ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում։ Ընտանիքի միակ որդին էր։ Տիկին Նարինեն ասաց, որ Սարգիսը շատ էր կապված գյուղի հետ, սիրում էր գյուղական կյանքը՝ գյուղատնտեսական աշխատանքներ, անասնապահություն, և ,մինչև ծառայության մեկնելը , ծնողներին ամեն հարցում օգնում էր։

2021 թվականի հունիսի 28-ին Սարգիսը զորակոչվեց բանակ։ Ծառայության առաջին 6 ամիսները Խնձորեսկի զորամասում է եղել, այնուհետև ՝տեղափոխվել  Գորիս։ Սարգիսը դիրքերում է եղել, երբ թշնամին սկսել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ իրենց դիրքի վրա։ Տիկին Նարինեն պատմեց, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան, երբ վերջին անգամ խոսեց որդու հետ, զգացել էր, որ ձայնը մի տեսակ էր, բայց որդին որևէ բան չէր ասել թշնամու՝ հնարավոր հարձակման մասին։

Հետո են իմացել, որ  2.5 ժամ պայքարել է, «ԴՇԿ»-ով կրակել է։ 2.5 ժամ կռիվ է տվել, կեսը գերի են ընկել, իրեն էլ տեսել են, որ շարունակում է կրակել, հենց կողքը արկ են գցել, բեկորից զոհվել է։ Բեկորը մեջքի կողմից մտել ու խրվել է սրտում… 

Զոհված զինծառայողի հայրը՝ Մեսրոպ Խանոյանն էլ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Իշխանասարի N դիրքում՝ Սև լճի տարածքում։

Սարգիս Խանոյանը հուղարկավորվել է Արագածավանի գերեզմանատանը։