Արևմտյան Հայաստանի զավակները․ սարկավագ Նարեկ Պետրոսյան

  • by Western Armenia, 02 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
115 դիտում

Նվիրյալ, չափից դուրս աշխատասեր, անսահման բարի, անվերջ հոգատար, սկզբունքային, զինվորի ցավով ու հոգսերով ապրող, քաջարի, մահին հաղթած, մերօրյա Ղևոնդ Երեց… Այս բնորոշումները 44-օրյա պատերազմում նահատակված Նարեկ սարկավագ Պետրոսյանին ճանաչած մարդկանց շուրթերից հնչում են մե՜ծ սիրով, բնականորեն, անկեղծորեն, քանի որ բոլորի սիրելի հոգևոր սպասավորը իրոք այս բոլոր հատկանիշների նախանձախնդիր կրողն էր: 

Նարեկ սարկավագը ծնվել էր Ստեփանակերտում՝ 1988 թվականին, իր կյանքը զոհեց հենց իր հայրենի հողի՝ Արցախի ու Արցախի ժողովրդի համար. հոկտեմբերի 29-ին նա շտապում էր առաջնագիծ՝ Մարտունու պաշտպանական դիրքերից մեկը՝ զինվորներին օգնություն հասցնելու, երբ ԱԹՍ-ն թիրախավորեց նրա մեքենան։ Չորս տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը: Կորցրեց ազատամարտիկ հորը: Նախնական կրթությունն ստացել է Շուշիում, ավագ դպրոց է հաճախել Էջմիածնում: 2004-2010 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որն ավարտել է գերազանցությամբ: Նախնական շրջանում ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում: Այնուհետև նշանակվել է ՀՀ ԶՈՒ գնդերեց՝ ծառայության մեկնելով հայրենի Արցախ: Հոգևոր գործունեության առաջին քայլերն արեց Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցում: Այստեղ էլ նրա նվիրյալ տեսակը ճանաչեց ու գնահատեց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա հետագայում երիտասարդ սարկավագին առաջարկեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի՝ իր օգնականի պաշտոնը: Նարեկ սարկավագ Պետրոսյանը մասնակցել էր նաև Ապրիլյան քառօրյային: Այդ օրերին Մարտակերտի ու Թալիշի մարտական հենակետերում քաջալերում էր զինվորականներին:  Նարեկը տեսակով զինվոր էր, մարտիկ: Պատերազմի ժամանակ զինվորական համազգեստ էր կրում: Կրծքին Աշոտ Երկաթի պահապան սուրբ խաչն էր, ձեռքի խաչով օրհնում էր մարտիկներին: Սիրում էր կրկնել. «Քաջ հովիվն իր անձը դնում է իր ոչխարների համար»: