Արևմտյան Հայաստանի զավակները․ Տիգրան Շահբարյան

  • by Western Armenia, 01 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
121 դիտում

​​​​​​Եռաբլուրում շիրմաքարերի միջից մի ժպիտ է շողում: Տիգրանն է: Տիգրանն արցախցի է, ծնվել է Արցախում, մեկ տարեկանում ծնողները տեղափոխվել են Երևան: Խոստումնալից երիտասարդ, ապագա բժիշկ, որի 20-ամյակը լրացավ Եռաբլուրում: Մայրը՝ Արմինե Հարությունյանը, գրեթե ամեն օր վերապրում է այն սարսափելի օրերը, որոնցով անցան հոկտեմբերի 10-ից սկսած, երբ որդին այլևս չզանգեց, իսկ դեկտեմբերի 4-ին նրա և զինակից 75 ընկերների ու հրամանատարների աճյունները գտան Հադրութում՝ դաշտում ընկած, որտեղ զոհվել էին՝ հայտնվելով թշնամու ծուղակում: Տիգրանն Արցախի Մարտունիում էր ծառայում, 1,3 տարվա զինծառայող էր, կրտսեր սերժանտ, նաև վաշտի բուժակն էր: Ծառայության ընթացքում բժշկական գիտելիքները շատերին էր ծառայեցրել, հատկապես պատերազմի դաշտում, բայց հոկտեմբերի 11-ի մարտն անհավասար էր: Հոկտեմբերի 10-ին Տիգրանը զանգել էր ծնողներին՝ տրամադրությունը շատ բարձր:Դա նրա վերջին զանգն էր հարազատներին: Վաշտի անհետացման մասին որևէ ստույգ տեղեկություն չէր տրվում նաև բարձր հրամանատարությունից: Միայն ասում էին, որ գնացել են Հադրութ, որպեսզի օգնության հասնեն այնտեղի առաջնագծի զինվորներին, իսկ հետո արդեն կապն ընդհատվել է:

Ավելի ուշ պարզում են, թե ինչ է տեղի ունեցել. 76 հոգանոց վաշտը Հադրութի ճանապարհին ընկել է շրջափակման մեջ թշնամու շուրջ 500 հոգանոց հատուկջոկատայինների կողմից: Տղաները որոշել են չհանձնվել, դեմ առ դեմ կռիվ են տվել անհավասար մարտում ու պատվով զոհվել: Ո՛չ ոք չի փրկվել սարսափելի սպանդից: Տղաների զոհվելու հանգամանքներն իմանալուց հետո հարազատների համար կրկնակի դաժան էր այն, որ նրանց մարմինները գտնվում էին թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութում: Շաբաթներն, ամիսներն անցնում էին, բայց ծնողներին չէր հաջողվում որևէ կառույցի միջոցով դուրս բերել իրենց որդիների աճյունները:76 հոգուց միայն երեքի մարմինն էր ճանաչելի, որոնցից մեկը Տիգրանն էր: