Արևմտյան  Հայաստանի զավակները.Դավիթ Առուշանյան

  • by Western Armenia, 15 Հունիսի, 2023 in Հասարակություն
86 դիտում

Դավիթ Առուշանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 25-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում Նիկոլայ և Լիդիա Առուշանյանների ընտանիքում։

Դավիթ Առուշանյանը 1996-2006 թվականներին սովորել է Երևան քաղաքի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցում։ 2006 թվականին ընդունվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտել է 2010 թվականին բարձր առաջադիմությամբ և Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտի կոչումով։

Լինելով Արցախի Պաշտպանության բանակի սպա՝ Դավիթ Առուշանյանը անմիջականորեն մասնակից է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված հայ-ադրբեջանական պատերազմին, պաշտպանել Արցախի Հանրապետության Մատաղիս-Թալիշ պաշտպանական բնագիծը։

Սեպտեմբերի 29-ին Արեգասար լեռան մոտ մայոր Դավիթ Առուշանյանը իր զինակիցների հետ մարտի մեջ է մտնում ընդդեմ  Բաքվի զինված ուժերի մեծաքանակ զորքի։ Հրամանատարությունից երկու անգամ ստանալով նահանջի հրաման՝ չի ենթարկվում և իր անձնակազմով ոչնչացնում է ադրբեջանական չորսից ավել զրահատեխնիկա ու պատճառում մեծ քանակությամբ կենդանի ուժի կորուստ։ Մարտի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից խոցվում է մայոր Առուշանյանի հետևակի մարտական մեքենան, ինչի հետևանքով էլ  ինքը վիրավորվում է։ Մայոր Առուշանյանը դուրս է գալիս իր խոցված զրահամեքենայից և մտնում հետևակի մեկ այլ մարտական մեքենա և մինչև զինամթերքի վերջանալը շարունակում սկսված անհավասար մարտը։ Այնուհետև Դավիթ Առուշանյանը մտնում է 3-րդ զրահամեքենան և շարունակում մարտական գործողությունները՝ իր զրահամեքենայով մխրճվելով ադրբեջանական զինուժի խորքը։ Մայոր Առուշանյանը զոհվում է իր վարած հետևակի մարտական մեքենայով ադրբեջանական զրահապատ մեքենայի մեջ մխրճվելով և այն պայթեցնելով։

Մայոր Դավիթ Առուշանյանի հետ միասին մարտնչում էին Հովիկ Ասատրյանը, Արեն Չոբանյանը։ Նրանց գործողությունների շնորհիվ ադրբեջանական զինված ուժերի մեծաթիվ ստորաբաժանումների առաջխաղացումը կանգնեցվում է։

Պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար մայոր Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս»  բարձրագույն կոչումը։