Արևմտյան  Հայաստանի զավակները. Վլադիմիր Բալայան

  • by Western Armenia, 22 Մայիսի, 2023 in Հասարակություն
215 դիտում

«Փորձության ժամին մի զլանաք՝ կանչեք Վլադիմիր, նա կօգնի ձեզ»։

Այսպես ՝ Լեոնիդ Ազգալդյան խոսել է՝ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի մասին:

 Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թ. փետրվարի 14-ին՝ Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում, մտավորականների ընտանիքում։ 

Ծառայել էր խորհրդային բանակում, սովորել Ստեփանակերտի գյուղտեխնիկումում, աշխատել տպագրիչ, գյուղատնտես, իսկ երբ սկսվեց  Արցախյան շարժումը, Մարտակերտի անտառտնտեսությունում էր, մասնակցում էր խաղաղ ցույցերին, բայց եւ շուտ հասկացավ, որ խնդիրը խաղաղությամբ չի լուծվելու, մինչդեռ ոգեւորված հասարակության մտքով անգամ չէր անցնում, թե ազատության ու անկախության, ինքնորոշման օրինական պահանջն այդքան ողբերգական ընթացք կունենա, մանավանդ աշխատավայրերում ազատորեն ստորագրահավաքներ էին կազմակերպվում Արցախի ինքնորոշման օգտին, ինչը չլսված բան էր ժամանակի կուսակցական խիստ հսկողության պայմաններում... Ուրեմն, ինչ-որ տեղ ինչ-որ բան թույլատրվում էր արդեն, ու թվում էր՝ բաղձալի հաղթանակը մոտ է. բավական է շարքերը է՛լ ավելի ստվարանան, «Միացում», «Արցախ» վանկարկումները բռնեն ողջ օդը, հնչեն է՛լ ավելի համոզիչ, բռունցքների անտառը տեսանելի լինի առավել հեռվից ու... Չէ՛, չեղավ տրամաբանականը, օրինականը, մարդկայինը... Եղավ դարերով փորձվածը... Թուրքը նույն թուրքն էր՝ կոմունիստ թե՛ կրոնամոլ...   

Վլադիմիր Բալայանն առաջիններից էր, որ սկսեց պարտիզանական կամավոր ջոկատ հավաքել. սկզբում 6-7 հոգի էին, նրանց թվում էին եղբայրները՝ Արթուրն ու Ռոբերտը։ Անտառում հիմնեցին ռազմական պատրաստության բազա, հարկավոր էր զինվել, զենք հայթայթել, միջոցներ չկային, չկար ժամանակ. պետք էր պատրաստվել անհապաղ... Վլադիմիրը վաճառեց ավտոմեքենան, ու ստացված գումարով զենք ձեռք բերեցին, նաեւ սկսեցին զենքեր ստեղծել, որոնցից հայտնի է Վլադիմիրի ստեղծած թնդանոթը, բայց դա բավարար չէր. անհրաժեշտ էր պատրաստել մարտիկներին։ «Մեզ պարտադրված նահատակներ պետք չեն»,- ասում էր հրամանատարը, վստահում կամավորների ինքնագիտակցությանը, գրագիտությանը, հավատին, կամքին... Առաջնահերթը կարգապահությունն էր ու ամենօրյա հետեւողական մարզումները. ծխելն ու խմելը բացառված էին, պարապում էին նաեւ մարտարվեստներ՝ կարեւորելով զինվորի բարոյական կերպարը. երբեք թույլ չտվեց զենք գործածել անզենի վրա, ծաղրել ու անհարգալից վերաբերվել գերուն. ով չէր հնազանդվում սահմանված կարգին, իսկույն հեռացվում էր ջոկատից, ինչը հավասար էր պատվազրկության, իսկ Վլադիմիր Բալայանի զինակից լինելը ոչ միայն պատիվ, այլեւ քննության առարկա էր, անիմաստ թվաքանակը՝ խանգարիչ հանգամանք...

Սակայն շուտով ընտրյալների շարքերն ստվարացան. 1991 թ. ձմռանը Շահումյանում Բալայանը հանդիպեց Լեոնիդ Ազգալդյանին, եւ պայքարը միասնական դարձավ. նրանց ստեղծած «Ազատագրական բանակը» նմանը չունեցավ թե՛ իր կարգապահության մակարդակով, թե՛ մարտունակությամբ ու գրագիտությամբ։

 Ոչ մի անգամ անփորձ զինվորը չնետվեց մարտի՝ անգամ ամենանեղ պահին. նա անպայման պիտի անցներ հրամանատարների դպրոցը, մասնակցեր պարապմունքների, թեկուզ եւ ամենաթեժ կռվի ընդմիջումներին. հանգիստը բացառված էր, հաշվարկը՝ ոչ թե զոհվելու, այլ կռվելու, հաղթելու, կյանքի՛ վրա, եւ պայքարի ողջ ընթացքում «Ազատագրական բանակը» ընդամենը չորս զոհ տվեց, 5-6-րդ զոհերը եղան հրամանատարներ Բալայանն ու Ազգալդյանը, ովքեր երբեք չլքեցին մարտադաշտը եւ միշտ եղան առաջապահ դիրքերում՝ պաշտպանելով ու ազատագրելով բազում բնակավայրեր՝ հավատալով, որ հերթը հասնելու է Արեւմտյան Հայաստանին...

Զորախմբում տիրում էր թե՛ ջերմ, բարեկամային մթնոլորտ եւ թե՛ խիստ կարգապահություն: Զինվորներին խստիվ արգելված էր օգտագործել ինչպես ալկոհոլ, այնպես էլ ծխախոտ: Նրանք տիրապետում էին արեւելյան մարտարվեստներին եւ անընդմեջ կոփում իրենց մարմինը: Նույնիսկ ծանր մարտերից հետո, կամ մարտերի օրերին զինվորները չէին դադարեցնում մարզումները: Սակայն ամենից կարեւորն ու հատկանշականը երկու հրամանատարների միմյանց հանդեպ ունեցած բացարձակ վստահությունն էր, հավատը, սերը:

Շատերին զարմացնում էր Վլադիմիրի սկզբունքայնությունը: Երբ թշնամին մոտեցել է Մարտակերտին, կինը տագնապահար լաց լինելով, խնդրում է Վլադիմիրին, որ նա ընտանիքը դուրս բերի գյուղից: Սակայն Վլադիմիրը անկոտրում էր: «Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է»: Եվ նա մինչեւ վերջին օրն ընտանիքը թողեց գյուղում:

Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան եւ տալով ընդամենը 4 զոհ: Դժբախտաբար, 5-րդը եւ 6-րդը եղան հենց իրենք` երկու հրամանատարները:
Վլադիմիր Բալայանը մասնակցել է մարտական գործողություններին՝ Մարտակերտի, Շահումյանի, Ասքերանի, Հադրութի և Լաչինի շրջաններում:

Վլադիմիր Բալայանը զոհվեց 1992 թ. հունիսի 9-ին՝ Չայլու գյուղի խրամատներում, երկու շաբաթ անց զոհվեց եւ Լեոնիդ Ազգալդյանը։ Վլադիմիրի գործն այսօր շարունակում է որդին՝ Ալեքսեյ  Բալայանը, ով «Վլադիմիր Բալայան» կամավորական ջոկատի կամավոր է ։

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան