Արևմտյան Հայաստանի կրթօջախները․Բերբերյան վարժարան

  • by Ashkhen Virabyan, 21 Փետրվարի, 2023 in Հասարակություն
210 դիտում

Բերբերյան վարժարանը հիմնադրվել է 1876 թ-ին Կոստանդնուպոլսի Քադըքյոյ թաղամասում՝ Ռեթեոս Բերբերյանի ջանքերով։ Շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակել եվրոպայի երկրների համալսարաններում։ Ունեցել է նախապատրաստական, նախակրթական, ուսումնարանական բաժիններ (ցերեկային և գիշերօթիկ)։ Բարձր դասարաններում ուսուցման մեջ կատարվել է շերտավորում ըստ մասնագիտացումների՝ գիտական, գրական, առևտրական, մանկավարժական։ Ուսուցումը տարվել է հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, լեզուներով։ Լրիվ դասընթացն ավարտողը ստանում էր դպրության կամ գիտության պսակավորի աստիճան։ 

Վարժարանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փակվել է (1914-1918 թթ.), պատերազմից հետո՝ վերաբացվել՝ նախակրթարանի և լիցեյական բաժիններով։ Ունեցել է կիրակնօրյա դասընթաց՝ օտար վարժարաններում սովորող հայ ուսանողների համար։ 1924 թվականին փոխադրվել է Եգիպտոս և գործել նույն ծրագրով։ 

Տվել է մոտ 450 շրջանավարտ, որոնց թվում՝ Ռուբեն Սևակը, Շահան Շահնուրը, Վահան Թեքեյանը, Հովհաննես Հինդլյանը և գիտության ու մշակույթի այլ գործիչներ։ Փակվել է 1934 թ. նյութական միջոցներ չունենալու պատճառով։