Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 15 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
58 դիտում

Անդրկովկասի պատվիրակությունը դեռ դուրս չէր եկել Թիֆլիսից, երբ Բրեստ-Լիտովսկից ստանում է Լեւոն Կարախանի հեռագիրը, որը հայտնում էր Կարսի, Բաթումի եւ Արդահանի շրջանները թուրքերին զիջելու մասին։ Անդրկովկասյան սեյմը քննարկում է իրադրությունը եւ փորձում ընդհանուր դիրքորոշում ձեւավորել։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը Սեյմը չի ընդունում, իսկ Նոյ Ժորդանիան հայտարարում է, որ «Այդպիսի հաշտության, որպես ստորագրեցին բոլշեւիկները, մենք չենք ստորագրի. ավելի լավ է պատվով մեռնել դիրքերում, քան թե խայտառակվել եւ սերունդների անեծքին մատնվել»։ Հայ պատգամավորները հույս ունեին թուրքերի հետ բանակցություններում ստանալ Արեւմտյան Հայաստանում ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն։

Ադրբեջանցիները սկզբում զգուշորեն, հետո ավելի ու ավելի բացահայտ իրենց աջակցությունն են հայտնում թուրքերին։ Նրանք նաեւ հայտարարում են, որ պետք է վերջ տալ պատերազմին, բավարարվել 1914թ. սահմաններով եւ չխառնվել թուրքերի ներքին գործերին։

Տրապիզոն մեկնած Սեյմի պատվիրակության ղեկավարը Ակակի Չխենկելին էր, իսկ անդամները՝ Աբաշիձեն, Հեյդարովը, Գվազավան, Գաջինսկին, Քաջազնունին, Լասխիշվիլին, Մեհթիեւը, Խաս-Մամեդովը, Խատիսյանը, Չիկոլինը, Շեյխ-ուլ-Իսլամովը։ Պատվիրակության կազմում կային բազմաթիվ փորձագետներ, զինվորականներ, թարգմանիչներ։ Հայկական կողմից ներկա էին Ռուբեն Տեր-Մինասյանը, պատմաբան Լեոն եւ ուրիշներ, ինչպես նաեւ մոտ 50-հոգանոց պահակախումբ։ Մոտավորապես 90-հոգանոց պատվիրակության ժամանումը Տրապիզոն թուրքերի համար դառնում է 

ծաղրի առարկա:

Թուրքական պատվիրակությունն ուշանում էր, իսկ Սեյմի ներկայացուցիչներին թույլ չէին տալիս պահակախմբով դուրս գալ քաղաք՝ պատճառաբանելով, որ Տրապիզոնը թուրքական քաղաք է, եւ բանագնացների անվտանգությունը իրենք են ապահովելու։ Խատիսյանը հիշում է, որ երկու օր իրենք անցկացնում են նավում։ Միայն երրորդ օրը թուրքերի ներկայացուցիչները ժամանում են Տրապիզոն։ 

Ակակի Չխենկելին գրում էր.

«Տաճկական պատվիրակությունը «Շեստեց» նավով այսօր, 27-ին հասավ Տրապիզոն։ Պատվիրակությունը բաղկացած է 5 հոգուց։ Պատվիրակությունը նախագահում է ծովային գնդապետ Ռաուֆ բեյը։ Մեր պատվիրակության քարտուղարը ողջունեց նրանց նավի վրա, որից հետո տաճկական մի պատվիրակ մեզ մոտ եկավ, պայմանավորվելու տեսակցության տեղի, ժամի մասին։ Նախնական մի քանի հարցեր պարզելու համար ես եւ Ռաուֆ բեյը տեսնվեցինք մի տան մեջ, որը որոշված էր ժողովի համար։ Որովհետեւ մեզ հայտնի չէ տաճկական կառավարության պատասխանը վերջին հեռագրին, մեր շրջանների էվակուացիայի մասին, ես պատվիրակության նախագահին հարց տվի, թե հայտնի՞ է արդյոք նրան տաճկական գեներալիսիմուսի առաջարկը եւ ընդունո՞ւմ է նախագահը այդ առաջարկությունը, իբրեւ ոչ ցանկություն օսմանյան կառավարության - շարունակել հաշտության բանակցությունները, նախագահը պատասխանեց, որ ինքն այդ առաջարկի մասին ոչինչ չգիտե եւ խնդրում է մեր հարցը գրավոր կերպով ներկայացնել։ Տաճիկները իրենց պատասխանի համար ժամանակ խնդրեցին եւ հայտնեցին, որ իրենց նպատակն է հաստատուն հաշտություն կնքել։ Այսօր երեկոյան ափ ենք դուրս գալիս հաշտության բանակցությունների համար»։

Սեյմի պատվիրակության հայ ներկայացուցիչների դրությունը հատկապես ծանրանում է, երբ իմանում են, որ թուրքերը գրավել են Էրզրումը, իսկ Բրեստ-Լիտովսկում ստորագրվել է Կարսն ու Արդահանը թուրքերին վերադարձնելու համաձայնությունը։ Թուրքերը պնդում են, որ Սեյմի պատվիրակությունը անմիջապես ճանաչի Բրեստի պայմանագիրը եւ ազատի նշված շրջանները։

Անդրկովկասի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտարարում են, որ Անդրկովկասը հեղափոխության առաջին իսկ օրվանից չի ճանաչել բոլշեւիկների իշխանությունը, հետեւաբար նրանց կողմից ստորագրված ցանկացած պայմանագիր իրենց համար ընդունելի չէ։ Թուրքերի պնդումը հիմնված էր այն բանի վրա, որ Բրեստի պայմանագրի ստորագրման պահին Անդրկովկասը չէր հռչակել իր անկախությունը։ Սեյմի պատվիրակությունը գրավոր ներկայացնում է իրենց դիրքորոշումն արտահայտող մի քանի կետ, որոնցից մեկը վերաբերում էր Թուրքահայաստանում հայերի եւ մյուս ազգերի ինքնավարության իրավունքին։

Թուրքական պատվիրակությունը կտրականապես մերժում է այդ կետը՝ հայտնելով, որ թույլ չի տա միջամտել իր երկրի ներքին գործերին։

Շարունակելի․․․