Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 15 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
117 դիտում

Ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի` 1914-1919թթ.-ին հայության ամբողջական նյութական կորուստը 1919թ.-ի գներով կազմել է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ կամ 3.693.239.768 ԱՄՆ դոլար: Հանձնաժողովը նաեւ պարզել է, թե հայության որ հատվածը հստակ ինչ կորուստներ է կրել: Եւ այսպես Արեւմտյան Հայաստանի գյուղաբնակ հայերի անհատական նյութական կորուստը կազմել է 4.601.610.000 ֆրանկ, քաղաքաբնակների անհատական կորուստը` 3.235.550.000 Ֆրանկ, իսկ ոչ անհատական նյութական կորուստները` 6.761.350.000 ֆրանկ: Արևելյան Հայաստանի եւ Կովկասի այլ հայաբնակ տարածքներում հայերի կրած նյութական վնասները` իրենց մշտական բնակավայրերից տեղահանված հայերի կորուստները կազմում են` 1.831.872.000 ֆրանկ, չտեղահանված հայերի կորուստները` 1.293.600.000 ֆրանկ, այլ նյութական կորուստները`1.407.000.000 ֆրանկ: Այս թվերի մեջ ներառված չեն հայերի 1894-ից 1914 թվականներին և 1918 թվականից առ այսօր կրած նյութական վնասները։ Եթե հաշվառվեն նաեւ նշյալ ժամանակահատվածի կորուստները, ապա վերոնշյալ թիվն առնվազն պետք է 15-20%-ով մեծացվի։Բնականաբար, խոսելով Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության մասին, մենք առաջին հերթին, եւ գրեթե բացառապես, շեշտել ենք հայ ժողովրդի մարդկային կորուստները:

Սակայն ցեղասպանության տարիներին հայ ժողովուրդն ունեցել է նաեւ հսկայական նյութական կորուստներ: Անվիճելի է, որ ցեղասպանության ածանցյալ նպատակներից է եղել հայ ժողովրդի անհատական եւ հավաքական սեփականության յուրացումը: Միջազգային իրավունքը հռչակում է՝ հանցագործը չպիտի վայելի իր հանցագործության պտուղները։