

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը ներկա գտնվեց Ժողովրդական արվեստների թանգարանում կազմակերպված նկարչուհի Մարիա Հարությունյանի անհատական ցուցահանդեսին, որը նվիրված էր նրա ստեղծագործական գործունեության 12-ամյակին։
Միջոցառումը մեկնարկեց փոքրիկ համերգային ծրագրով, որից հետո հյուրերին ներկայացվեցին Մարիա Հարությունյանի բազմաժանր ստեղծագործությունները։ Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվեց նաև շրջայց, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հեղինակի արվեստի առանձնահատկություններին, ստեղծագործական ուղուն և ներկայացված աշխատանքների գաղափարական բովանդակությանը։


Հատուկ հուզական շունչ հաղորդեց արցախյան բարբառով հնչած բանաստեղծությունը՝ նվիրված կորսված Արցախին։ Այն խորապես ազդեց ներկաների վրա՝ հիշեցնելով հայրենիքի կորստի ցավը, ազգային հիշողության կարևորությունը և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Միջոցառման ավարտին կազմակերպվեց ջերմ հյուրասիրություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան շարունակելու շփումը, փոխանակելու տպավորություններ և շնորհավորելու նկարչուհուն՝ մաղթելով նրան նոր ստեղծագործական ձեռքբերումներ և հաջողություններ։
