«Բաքուն պետք է ինքնավարություն խոստանա, որպեսզի արցախցիները կարողանան վերադառնալ Արցախ»․ Արա Ղազարյան

  • by Western Armenia, 29 Մարտի, 2024 in Հասարակություն
56 դիտում

«Բաքուն պետք է ինքնավարություն խոստանա, որպեսզի արցախցիները կարողանան վերադառնալ Արցախ»։ Այս մասին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային իրավաբան Արա Ղազարյանը։

Հիշեցնելով ԵԽԽՎ որոշումը և Բաքվի  պատվիրակության մանդատից ժամանակավոր զրկելը՝ փաստաբանն ընդգծեց, որ համընդհանուր օրենքը տարածվում է Բաքվից վտարված հայերի վրա՝ ինչպես 1988-91 թվականներին, այնպես էլ ավելի ուշ՝ տարածաշրջանի վերջին ագրեսիայի և տոտալ հայաթափման ժամանակ։ 

Ղազարյանն ասաց, որ փորձագետները գալիս են այն եզրակացության, որ փախստականների վերադարձը սովորութային իրավունքի իրավազորություն ունի, մանավանդ որ Բաքուն չի ասել և չի կարող ասել, որ փախստականները վերադառնալու իրավունք չունեն։ «Մենք, իհարկե, գիտենք, որ Բաքուն կեղծավոր է, և ներքին լսարանի համար մի բան է ասվում, արտաքին լսարանի համար՝ մեկ այլ բան»,- նշել է փաստաբանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի տվյալներին՝ նա նշեց, որ աշխարհում կան մոտ 110 միլիոն փախստականներ, և տարեկան մոտ 3-4 միլիոնը վերադառնում են իրենց բնակության վայրեր, ինչը նշանակում է, որ գործընթացն շարունակվում է, և կան մեխանիզմներ։ “Առայժմ 4 տասնյակ երկրներից միայն 4 երկիր է հրաժարվել ՝ ապահովել փախստականների վերադարձը”,֊ ասաց Ղազարյանը։

Փաստաբանն ընդգծեց արցախցիների՝ Արցախ վերադառնալու անքակտելի իրավունքը, քանի որ Արցախը  նրանց հայրենիքն է, կրում է մշակութային ներկայության բազմաթիվ հետքեր, իսկ արցախցիներն ունեն նաև նյութական իրավունքներ մնացած ունեցվածքի նկատմամբ։ Խոսելով միջազգային ատյաններում փոխադարձ պահանջներից հրաժարվելու Բաքվի պահանջի մասին՝ փաստաբանը դա բացատրեց Երևանի հաջողություններով։

«Վերադարձի իրավունքը միանշանակ ամրագրված է միջազգային իրավունքով, և մենք պետք է օգտվենք դրանից»,- եզրափակեց փաստաբանը։