Բաքվի իշխանությունը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում

  • by Western Armenia, 13 Հունիսի, 2023 in Հասարակություն
80 դիտում

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է․

«Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” ) կայքի հրապարակած տիեզերական լուսանկարից, Բաքվի իշխանությունը բունկերներ է փորել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հայկաջուր գյուղում գտնվող Գյավուրկալա (բառացի՝ անհավատների բերդ) հայկական վաղքրիստոնեական բնակատեղիի դամբարանադաշտի տարածքում:

Գյավուրկալան Տիգրանակերտից հետո Արցախյան տափաստանի ամենաընդարձակ վաղքրիստոնեական հայկական բնակատեղին է: Այն զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածություն, ունի շուրջանակի հողապարիսպ, 5-6-րդ դարերի միասրահ եկեղեցի՝ կառուցված սրբատաշ քարերով և հարդարված խաչային հորինվածքներով: Դեռևս կանգուն էր վաղքրիստոնեական կոթողի սյունը:  Քաղաքի դամբարանադաշտում, հենց այնտեղ, որտեղ այսօր բունկերներ են փորվել, անցած դարի 50-ական թվականներին գտնվել է Արցախյան տափաստանի ամենավաղ հայերեն արձանագրություններից մեկը:

Բացառված չէ, որ հայերեն արձանագրություններով այլ սարկոֆագներ նույնպես գտնվեն այդ տարածքում:                                                                                                                                         Արևմտյան Հայաստանի կառավարությունը գտնում է, որ Բաքվի իշխանությունը համառորեն շարունակում է հայկական հետքերի ոչնչացումը գրավյալ տարածքներում:  Մեծ վտանգ կա, որ նման բունկերներ կտեղադրվեն և բուն բնակատեղիի տարածքում:

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4.1-րդ հոդվածի․ «․․․ պետությունները պարտավորվում են հարգել իրենց, ինչպես նաև մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի և պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն, և ձեռնպահ մնալով այդ արժեքների դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից»: Ըստ Ժնևի  1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ  հաշվեհարդարի առարկա դարձնել»: Բաքվի իշխանությունը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները»։