«Գաղտնի» եկեղեցիներ Վանում

  • by Western Armenia, 18 Մայիսի, 2024 in Հասարակություն
23 դիտում

Քադիր Ջեսուրը գրում է,որ Վանում գործող 4 բողոքական եկեղեցի կա,  սակայն եկեղեցիները ստիպված են լինում թաքցնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեծ խնդիր է նաև այն, որ շրջանում քրիստոնյաների համար գերեզմանոց չկա։

Վանը, պատմական և մշակութային հարստություններով հայտնի քաղաք լինելուց բացի, նաև տարբեր հավատքների բնօրրան է։ Սակայն քաղաքում թաքնվելու հարկադրված 3 բողոքական եկեղեցիները և սակավաթիվ քրիստոնյա բնակչությունը հանդիպում են հասարակական ճնշման ու դժվարությունների։ Վանի եկեղեցիները հարկադրված են լինում թաքցվել, իսկ քրիստոնյա բնակիչներն իրենց մահացածների աճյուններն ամփոփելու համար  գերեզմանոց գտնելու խնդիր ունեն։ Սա ևդ մեկ անգամ օրակարգ է բերում քաղաքում բնակվող ու զանազան հավատքներ դավանող մարդկանց կյանքի բնական ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Վանում գտնվող 3 բողոքական եկեղեցիներն օգտագործվում են տեղի բնակիչ հանդիսացող քրիստոնյաների, Իրանից ժամանած զբոսաշրջիկների և միջազգային կրոնական արարողությունների համար։ Սակայն, ընդհանուր 250-300 հոգանոց ծուխ ունեցող այդ եկեղեցիների հոգևոր առաջնորդները հայտնում են, որ ստիպված են թաքցնել՝ հասարակական ճնշումների պատճառով։ Երբ դրսից են եկեղեցիներին նայում, չի հասկացվում, որ դրանք եկեղեցի են՝ ո՛չ խաչ կա, ո՛չ զանգ, ո՛չ էլ եկեղեցու անունը կրող որևէ ցուցանակ։ Վանի “Փրկություն” (Kurtuluş) եկեղեցին անգամ ներկա պահին պատսպարված է մի բնակարանի պատերում։

Անցյալում հոծ հայ բնակչություն ունեցած Վանում այսօր գործող քրիստոնյա գերեզմանոց չկա։ Առաջ գոյություն ունեցած հայկական գերեզմանոցներն էլ կա՛մ ոչնչացվել են, կա՛մ էլ դրանց վրա նոր շենքեր են կառուցվել։ Ասվածի ամենավերջին օրինակներից մեկն էլ տեղի ունեցավ Վանի կենտրոնական գավառներից մեկը եղող Իփեքյոլուում։ Այս տարի՝ ապրիլ ամսին, Հյուսրև փաշայի անվան տարրական և միջնակարգ դպրոցի նոր շենքի հիմնարկեքի համար հորատումներ էին արվել, որի հետևանքով գտնվել էին մարդկային ոսկորներ։ Հետագայում կատարված ուսումնասիրություններում բացահայտվել էր, որ այդ տարածքում հայկական գերեզմանոց է եղել։ Սակայն շարունակել էին դպրոցի շենքի կառուցումը։

Քանի որ քաղաքում ոչ մի քրիստոնյա գերեզմանոց չկա, ստիպված են լինում վախճանված քրիստոնյաներին թաղել մուսուլմանական գերեզմանոցում։ Ավելին, թաղման արարողության ժամանակ քրիստոնեության ծեսերը ևս չեն արվում, և գերեզմանների վրա խաչ չի տեղադրվում՝ այն վախով, թե հակառակ դեպքում գերեզմանը կավիրվի։