”Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն” անդրադարձել է Տոյվո Կլաարի հայտարարությանը

  • by Western Armenia, 27 Մարտի, 2024 in Հասարակություն
62 դիտում

“Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն “ անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, որն անընդունելի էր համարել Բաքվի լրատվամիջոցներով հնչող սպառնալիքները ՝ Հայաստանի հասցեին։ 

«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով» Եվրոպական միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել Բաքվի  լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Սա Բաքվի  ապակառուցողականության ցուցիչներից մեկն է, սակայն ոչ վերջինը, որի վրա անհրաժեշտ ենք համարում հրավիրել Եվրոպական Միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ուշադրությունը։ Միայն սպառնալիքներ չեն, որ գեներացնում են Բաքվի մեդիան, այլ՝  հստակ և անշեղ հայաֆոբիան, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ տալիս է իր դառը պտուղները։ Բաքվի հանրությունը՝ մանկապարտեզից մինչև կրթության և դաստիարակության տարբեր օղակներ, կերակրվում են  Հայաստանի և հայի դեմ անչափելի ատելությամբ, որն արտահայտվում  է՝ ի դեմս ռամիլսաֆարովական և քամիլզեյնալիական հակամարդկային դրսևորումների և հանրության լայն շերտերում դրա հերոսացման և պաշտամունքի։ Բաքվի լրատվական դաշտը համառորեն լռում է 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և այլ հայկական ու հայաբնակ վայրերում հայերի նկատմամբ Բաքվի իրականացրած  ջարդերի ու վայրագությունների, Ջուղայի հայկական գերեզմանատան և հայկական հոգևոր-ազգային ժառանգության ամբողջական ոչնչացման և դրանց՝ մարդկության դեմ հանցավոր ակտ լինելու մասին և փառաբանում է Արցախի Ազգային ժողովի շենքի քանդումը՝ իբրև «հանցագործությունների» պլանավորման վայր, մինչդեռ քանդման

և պարսավանքի են ենթակա Բաքվի բոլոր պետական գերատեսչությունների շենքերը, որոնցում տարբեր ժամանակներում պլանավորվել են հայության դեմ բոլոր պատերազմական հանցանքները։

“Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը “ պահանջում է միջազգային դերակատարներից՝ գործուն քայլեր կատարել Բաքվի լրատվամիջոցների տարածած հակահայկական քարոզչության և Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խոսքի քննության և դատապարտման ուղղությամբ»։