Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

  • by Western Armenia, 29 Մայիսի, 2024 in Հասարակություն
24 դիտում

Արևելյան Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների հետևանքով աղետի գոտի հայտարարված Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Նախարարը նշել է, որ մայիսի 28-ին Դեբեդ գետում ջրի մակարդակը ևս 35 սանտիմետրով նվազել է, ինչը հեշտացնում է մի շարք աշխատանքների կազմակերպումը։

«Երեկ երեկոյան աշխատանքների բաժանում ենք իրականացրել՝ տարբեր ուղղություններով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրականացվում են երկաթգծի, ճանապարհների, կամուրջների, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների վերականգնման, ինչպես նաև գույքագրման, բնակիչներին սննդի մատակարարման աշխատանքներ։

Սանոսյանը մանրամասնել է, որ յուրաքանչյուր թիմ իր մասով փորձում է իրեն տրված հանձնարարականը իրականացնել։ Նա նաև հայտնել է, որ Այրում կայարանում մասնագետների հետ քննարկում են կայարանի կամուրջը ժամանակավորապես թեթև մարդատար մեքենաների համար շահագործելի դարձնելու հնարավորությունը։ Արևելյան Հայաստանի կառավարությունը որոշել է աղետի գոտի հայտարարել Տավուշի և Լոռու մարզերի այն համայնքներում, որոնք տուժել են հեղեղումներից։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։  Կառավարությունը որոշում է կայացրել ընդհանուր 300 միլիոն դրամ հատկացնել Տավուշի և Լոռու մարզերին հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար։