Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադարձությունները վերապրած նախնիների և հայկական արմատների մասին

  • by Western Armenia, 02 Մայիսի, 2024 in Հասարակություն
23 դիտում

Դերասան Ջո Մանգանյելոն ամերիկյան KTLA 5 հեռուստաալիքի եթերում «Հայկական պատմության ամիս» նախագծի շրջանակում պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների և իր արմատների մասին՝ ընդգծելով, որ մայրական կողմից հայ է:

«Մայրս հայ է և միշտ հայկական ուտելիքներ էր պատրաստում, որոնք մանկուց կերել եմ ու մինչև հիմա շատ եմ սիրում», – ասել է դերասանը:

Ըստ Մանգանյելոյի՝ մեծանալով  ծանոթանում է իր արմատներին և շատ տպավորված է  այդ ժառանգությամբ:

Դերասանի մեծ տատը՝ Թավրիզը, մազապուրծ է եղել Հայոց ցեղասպանությունից:

«Ես ցանկանում էի այդ պատմությանը ծանոթանալ, քանի դեռ դրա մասին իմացողները ողջ էին, և դա ինձ հաջողվել է», – պատմել է Մանգանյելոն:

Արդյունքում նա բացահայտել է, որ 1915-ին թուրքերը սպանել են մեծ տատի՝ Թավրիզի ամուսնուն և յոթ երեխաներին: Եվ  Թավրիզը հայտնվում է ճամբարում, որտեղ հղիանում  է  գերմանացի մի սպայից, ով համագործակցում էր թուրքերի հետ։ Թավրիզը լույս աշխարհ է բերում մի  խարտյաշ աղջկա, ում  անվանում է Սիրարփի, վերջինս  էլ   Մանգանյելոյի տատն է:

Ի վերջո, Թավրիզն ու Սիրարփին հայտնվում  են ԱՄՆ֊ի  Մասաչուսեթս նահանգում: