

15 տարեկանում Թուրքիայից Բելգիա տեղափոխված հայազգի ոսկերիչ Դիրան Բոստանջին իր մասնագիտական հաջողության ուղին կերտել է տարիների աշխատանքի, վարպետության և հաստատակամության շնորհիվ։ Այսօր նա գործընկեր Ակսել Մյունտերսի հետ սեփական ոսկերչական գործն է ղեկավարում Բրյուսելի նշանավոր Լուիզի պողոտայում։
Ոսկերչության գաղտնիքներին Դիրանը ծանոթացել է դեռ ութ տարեկանում՝ Կոստանդնուպոլսի Մեծ շուկայում։ Մանկուց սովորած արհեստը հետագայում դարձել է նրա մասնագիտական կոչումը, իսկ Բելգիայում նա կարողացել է ստեղծել սեփական գործը՝ պահպանելով արհեստավորի ավանդույթներն ու արժեքները։
Սակայն Դիրան Բոստանջիի պատմության ամենակարևոր մասը նրա հայկական ինքնության հանդեպ անսասան կապվածությունն է։ Թեև հայերեն չի խոսում և դեռ չի այցելել Հայաստան, նա հպարտությամբ ընդգծում է իր ծագումը՝ այն համարելով նախնիներից ժառանգած էության անբաժանելի մասը։
«Ես հայ եմ, վերջակետ»,– ասում է Դիրանը՝ ցանկանալով նույն գիտակցությունը փոխանցել նաև Բելգիայում ծնված իր երեխաներին։
Նրա պատմությունը մասնագիտական հաջողության, ընտանեկան արժեքների և ազգային արմատներին հավատարիմ մնալու գեղեցիկ օրինակ է։
