Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի

  • by Western Armenia, 06 Հուլիսի, 2020 in Ժառանգություն
514 դիտում

Արարատի մարզի Հնաբերդ համայնքում գտնվող Դվին հնավայրի վերականգնման աշխատանքները ներկա դրությամբ հատել են նախագծային փուլը: Նախագծման աշխատանքները կատարվել են «Բեդրոսյան ճարտարապետական գրասենյակ» ընկերության կողմից:

Դվին հնավայրում նախատեսված է երեք հուշարձանի ամրակայում և վերականգնում: 

Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Համաշխարհային բանկից ստացված  վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Առաջին փուլով ներդրումը կազմելու է շուրջ 145 միլիոն դրամ: 

Աշխատանքները բաժանվել են երկու փուլի, առաջին փուլում խնդիր է դրված զգուշորեն և առանց ճարտարապետական կառուցվածքը վնասելու կատարել վերականգնում, որից հետո միայն կմեկնարկեն զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները:

Դվինը Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից է։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Երևանից ոչ հեռու։ Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ: