Երուսաղեմի հայկական թաղամասը հարձակման է ենթարկվել, կան վիրավորներ

  • by Western Armenia, 28 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
88 դիտում

Պետությունը մարդ է ուղարկել, ուղղակի հանցագործների է ուղարկել մեզ վրա, Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը։

«Փորձում են մեզ կոտրելով, նույնիսկ սպանելով՝ այստեղից հանել։ Շներով, զենքերով ուզում են մեզ մեր հողից հանել։ Հրեա ոստիկանությանը մենք ավելի վաղ այս մասին զգուշացրել էինք։ Ոստիկանությունը եկել է, բայց իրենց մոտից են մեզ վրա քար նետում», հայտնել է նա։

Ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա, հայտարարել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը:

Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

«Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզ»-ի հարցով հայց ներկայացնելու համար: Այսպես են արձագանքում ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանը և Ջորջ Ուորվարը իրավական ընթացակարգերին։ Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է», – նշել են պատրիարքությունից՝ հավելելով, որ եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները, տեղի հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար:

Պատրիարքությունը կոչ է անում ամբողջ աշխարհի երկրների իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկել հայկական թաղամասը բռնի կործանումից:

«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը հետաքննություն սկսել Դենի Ռոթմանի (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարի (Հադադ) դեմ՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա շարունակական հանցավոր հարձակումները կազմակերպելու համար: Հարձակումները կարծես թե վերջ չունեն: Իսրայելը օրենքի պետություն է, և նման հանցավոր պահվածքը չի կարող հանդուրժվել ու անպատիժ մնալ»,-ասված է հայտարարությունում։