Թալինում բացվել է լեգենդար Մկրտիչ Հարությունյանի (Մգրոյի) հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը

  • by Western Armenia, 06 Հունիսի, 2024 in Հասարակություն
19 դիտում

Թալինի՝ Մկրտիչ Հարությունյանի անվան   փողոցի կենտրոնական մասում տեղի է ունեցել նորագույն պատմության լավագույն հրամանատարների շարքում ամրագրված հետախույզ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայողի» շքանշանների հետմահու ասպետ Մկրտիչ Հարությունյանի (Մգրոյի) հուշարձան-կոթողի բացման հանդիսավոր արարողությունը։

Բացման արարողակարգի պատիվը տրվել է Մկրտիչ Հարությունյանի հորը, կնոջը եւ դուստրերին։ Հոգևորականների կողմից կատարվել է հուշակոթողի օրհնության կարգ: Համընդհանուր աղոթք է հնչեցվել Մկրտիչ Հարությունյանի և մյուս նահատակների համար:

«Մկրտիչն այս հողի, ազգի և այս լեռ քարերի պաշտպանն է և դրանց նման կանգնած է բոլոր ոտնձգությունների առջև»,- նշել է ՀՀ ԶՈւ Հատուկ Նշանակության Զորամասի հրամանատար, գնդապետ Արգիշտի Վարդանյանը՝ ներկայացնելով հուշակոթողի նշանակությունը:

Մկրտիչ Հարությունյանը մասնակցել է քառօրյա պատերազմին, առաջին օրվանից ակտիվորեն մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ առաջնագծում մարտնչելով ամենաթեժ կետերում։ 2022 թվականին Հարությունյանի գումարտակը մասնակցել է Իշխանասարում տեղի ունեցած սեպտեմբերյան մարտերին՝ հաջող իրականացնելով հատուկ առաջադրանքները։ Զոհվել է 2023 թվականի ապրիլի 11-ին՝ Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս։