Թեփեբաշը թատրոնի ճարտարապետը՝ Հովսեփ Ազնավուր

  • by Editbeglari, 24 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
119 դիտում

Հայազգի ճարտարապետ Հովսեփ Ազնավուր (Ազնավուրյան)ը ծնվել է 1854 թվականին Լոնդոնում։ 1867 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ Հետագայում նա ուսումը շարունակել է Հռոմում՝ ավարտելով գեղարվեստի և ճարտարապետության կրթությունը, ապա գործունեություն ծավալել Կոստանդնուպոլսում։ Ազնավուրը մահացել է 1935 թվականին՝ Կահիրեում։

Նրա նախագծած կարևոր կառույցներից են Մսըր (Եգիպտական) բնակելի շենքը, Սանասարյան խանը, Ջիբալիի ծխախոտի գործարանը, Հեյբելիադայի Աբբաս Հալիմ փաշայի առանձնատները, Համդի բեյի անցուղի-խանը, Բալաթի Սուրբ Ստեփանոս բուլղարական եկեղեցին և Թեփեբաշը թատրոնը։

Թեփեբաշը թատրոնի պատմությունը սկսվում է 1870 թվականի մեծ հրդեհից հետո Բեյօղլուի վերակառուցման ծրագրերից։ Սկզբում նախատեսվում էր քարաշեն թատրոն կառուցել, սակայն ֆինանսական սահմանափակումների պատճառով նախագիծը փոխվեց, և շենքը կառուցվեց փայտից։ Թատրոնի ճարտարապետը Հովսեփ Ազնավուրն էր։

Թատրոնը հայտնի էր իր փոքր, բայց արտահայտիչ բարոկկո ոճի ներքին հարդարմամբ։ Այն ուներ 256 տեղանոց պարտեր, երկու շարք օթյակներ և վերնասրահ։ Կարմիր թավշով պատված նստարանները, ոսկեզօծ զարդանախշերը և դեկորատիվ առաստաղը շենքին հաղորդում էին առանձնահատուկ տեսք։

Թեփեբաշը թատրոնը շուրջ մեկ դար կարևոր դեր է ունեցել Կոստանդնուպոլսի մշակութային կյանքում՝ հյուրընկալելով բազմաթիվ թատերական և օպերային ներկայացումներ։ Այստեղ գործունեություն է ծավալել նաև Դարուլբեդային, որը հետագայում վերածվեց Քաղաքային թատրոնների։ 1970 թվականին շենքը հրդեհվել է և ամբողջությամբ այրվել՝ ավարտելով շուրջ մեկդարյա պատմությունը։

Հովսեփ Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը շարունակում է մնալ Կոստանդնուպոլսի բազմաշերտ ճարտարապետական և մշակութային պատմության կարևոր մասերից մեկը։