Թուրքիայի ընդդիմության առաջնորդը դեմ է երկրաշարժի պատճառով ընտրությունները հետաձգելուն

  • by Western Armenia, 16 Փետրվարի, 2023 in Հասարակություն
95 դիտում

Փետրվարի 6-ին  Մարաշ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից 1 շաբաթ անց քաղաքական դաշտում սկսել են խոսակցությունները մայիսին տեղի ունենալիք համապետական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ:

Քննարկումների առիթը դարձել է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Բյուլենթ Արընչի արած առաջարկը ընտրությունները հետաձգելու մասին: Վերջինիս ընտրությունները «միայն մեկ անգամ հետաձգելու» առաջարկը հիմնավորել է իշխանությունների՝ երկրաշարժի հետևանքների վերացման  վրա կենտրոնանալու անհրաժեշտությամբ: 

Այդ առաջարկին կտրուկ դեմ է արտահայտվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինս հակասահմանադրական է անվանել մայիսին նախանշված ընտրությունների հնարավոր հետաձգումը, քանի որ այդ երկրի մայր օրենքը հետաձգում նախատեսում է միայն պատերազմի դեպքում: 

«Սահմանադրությունը շատ հստակ է, միայն պատերազմի դեպքում կարող են ընտրությունները հետաձգվել: Ուստի քանի որ պատերազմ չկա, ընտրությունները չեն կարող հետաձգվել: Ոչ ոք չի կարող, Սահմանադրությունից ու օրենքներից դուրս հիմնավորումներ անելով, իր համար եզակի իրավական նորմ ստեղծել: Կա սահմանադրություն, եթե ասում ենք, որ Թուրքիան իրավական պետություն է, ապա նման բան չի կարելի անել»,- պարզաբանել է Քըլըչդարօղլուն:

Նշենք, որ մայիսին (14) նախանշված են թուրքական խորհրդարանական ու նախագահական ընտրություններ:Ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև բազմաթիվ փորձագետներ արձանագրել են, որ թուրքական կառավարությունը չի ներդնում կառավարական լուրջ ռեսուրսները՝ Արևմտյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները մեղմելու համար, ինչպես նաև որոշակի տարածքներ կրկնակի բռնազավթման է ենթարկել, թույլ չտալով կամավորական խմբերին գնալ և օգնություն հասցնել։ Մենք խստորեն դատապարտում են թուրքական կառավարությունը այսօրինակ գործողություններն ու հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանը պետք է վերադարձվի իր օրինական իրավատիրոջը։