Ի՞նչ փոխվեց՝ հայկական արմատները բացահայտած Ֆեթհիյե Չեթինի կյանքում

  • by Western Armenia, 20 Մայիսի, 2024 in Հասարակություն
38 դիտում

Պոլսում գործող իրավաբան, գրող, մարդու իրավունքների պաշտպան Ֆեթհիյե Չեթինը, որը նաև Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է, հավատացած է, որ օրերից մի օր թուրքական հասարակությունը կճանաչի Հայերի դեմ իրականացված  ցեղասպանությունը, կընդունի ճշմարտությունը: 

Նա համոզված է, որ պետք է շարունակել պարբերաբար դրա մասին խոսել, մարդկային պատմությունները վերհանել, ինչպես արեց ինքը տարիներ առաջ, երբ ուսանող ժամանակ բացահայտեց իր տատիկի հայ լինելու հանգամանքը: 

Տարիներ առաջ, երբ Ֆեթհիյեին հարցրել էին թե , ի՞նչ փոխվեց նրա կյանքում, երբ իմացավ իր տատիկի պատմությունը և բացահայտեցհայկական արմատները: Չեթինը նշել էր,որ տատիկը իրեն պատմել է իր պատմությունը, որբ Ֆեթհիյեն ուսանող է եղել․

«Մինչ այդ մենք շատ տեղեկություն չունեինք 1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին: Երբ իմացա տատիկիս պատմությունը, ապշած էի, շոկի մեջ էի: Այդ ժամանակ առաջին բանը, որ ուզում էի անել, դուրս նետվելն էր փողոց ու գոռալով ասելը՝ սուտ եք խոսել, պետությունը խաբել է մեզ: Իմ մեջ մեծ ցավ ու բարկություն զգացի, սակայն իմ պայքարն ավելի խիստ դարձրի: Մտածում էի, որ մեր պայքարով կփոխենք Թուրքիայի կառավարության մտածելակերպը, բայց այդպես չեղավ: 80-ական թվականերն էին, տեղի ունեցավ հեղափոխությունը, ժամանակները խառն էին ու տատիկիս պատմությունը գրքի տեսքով ներկայացնելու ժամանակահատվածը ձգվեց: Թեպետ ուրախ եմ դրա համար, որովհետև տարիներ անց ես ավելի հասուն ձևով սկսեցի գրել իմ պատմությունը, որը շատ մարդկանց վրա ազդեց: Հետո տեսա, որ շատ ընտանիքիներ նույնպես ունեն նման պատմություններ, պարզապես նրանք կամ չէին խոսում, կամ շատ ցածր էին խոսում: Գիրքը շատ մեծ ազդեցություն ունեցավ ու տարածվեց: Այն արագ սպառվում էր:

Հրանտ Դինքի սպանությունից 5 օր առաջ, նա զանգահարեց ինձ ու ասաց, որ տատիկիս պատմության գիրքը շատ լավ ընդունվել է նաև Հայաստանում ու առաջարկեց միասին գնալ Երևան: Շատ հուզվեցի, այդ պահին գնում էի Փարիզ, խոստացա վերադառնալ ու գնալ Հայաստան: Ոգևորված էի, որ Հրանտի հետ պետք է գնամ Երևան, սակայն ոգևորությունս երկար չտևեց: Երբ Փարիզում էի, նա սպանվեց: Դրանից հետո շատ եմ եկել Հայաստան, սակայն արդեն առանց Հրանտի։ Տատիկիս պատմությունն իմանալուց հետո իմ մեջ արմատավորվեց կասկածամտությունը: Այն, ինչ ներկայացնում էին, սովորեցնում էին` չէի հավատում: Հավատս կորցրել էի, փորձում էի ճշտումներ  անել, պրպտել: Կարծես՝ մինչ այդ կույր էի, հետո սկսեցի տեսնել, շուրջս նայել, հարցադրումներ անել: Հիշում եմ, որ իմ ծննդավայրում, երբ մեծահասակաները եկեղեցի էին ցույց տալիս, չէին ասում, թե ում եկեղեցին է, ժողովուրդն ուր անհետացավ, մենք էլ հարցեր չէինք տալիս: Տեսնում էինք միայնակ հայ տատիկների ու պապիկների ու հարց չէինք տալիս, թե ինչու էին նրանք միայնակ մնացել: Տատիկիս պատմությունն իմանալուց հետո այլ աչքերով սկսեցի նայել ու հարցեր տալ: Տատիկիս պատմությունն ազդեց իմ հետագա գործունեության վրա: Ես որոշեցի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Հարթակ ստեղծվեց, այդ ժամանակ էլ ծանոթացա Հրանտ Դինքի հետ»։

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հիշեցնում է, որ ազգային փոքրամասնության կարգավիճակը չի կարող վերաբերել հայ ազգին, որը բնիկ է իր նախնիների տարածքներում: