Իսլամացած հայեր

  • by Western Armenia, 16 Մարտի, 2024 in Հասարակություն
78 դիտում

Օկուպացված Արևմտյան Հայաստանում ներկայումս բնակվող կրոնափոխ հայերի խնդրի ամենաբարդ կողմերից է նրանց թվաքանակի հարցը, քանի որ հստակ թվեր ներկայացնելը կապված է մի շարք խոչընդոտների հետ: Շրջանառվող թվերը տատանվում են հարյուր հազարից մինչև մի քանի միլիոնի սահմաններում:  Բացի այդ, խոսելով թվերի մասին` պետք է տարբերակումներ արվեն ծպտյալ և իսլամացված, հայերի ու նրանց սերունդների, խառնածինների միջև, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը: Այս թեմայի համատեքստում հարկ է մեջբերել Հրանտ Դինքի տեսակետը, որը, կարելի է ասել, տասնամյակներով ուշադրության կենտրոնում է պահել օկուպացված Արևմտյան Հայաստանում  բռնի իսլամացված հայերի խնդիրը: 

Դինքն իր, թերևս, վերջին հարցազրույցներից մեկում անդրադառնում է իսլամացված հայերի խնդրին և խոսում նրանց թվաքանակի մասին. «Թուրքիոյ (Օկուպացված Արևմտյան Հայաստանում) մէջ այսօր հազարաւորներ կան, որ քաջութիւն ունին հրապարակաւ արտայայտուելու, գիրքեր ու յօդուածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին։ Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ և ես ըսեմ, որ ապագայ հայ կեանքի ամենամեծ և ամենայուսալի աշխատանքներէն մէկը կրնայ դառնալ անիկա։ Եթէ Թուրքիան Եվրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն ևս շատնայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով ։ Ինծի համար շատ կարևոր հարց է այս հարցով աշխատիլ և գտնիլ այդ կորսուածները, ողջնցնել այդ մեռածները։ Շատ կարևոր է գտնել այդպիսի հայ մը և իրեն տալ իր հայութիւնը»։