Իսլամացված հայերը  (Ութերորդ մաս)

  • by Western Armenia, 03 Մարտի, 2023 in Հասարակություն
188 դիտում

Տարբեր դիտարկումներ և փաստեր թույլ են տալիս պնդել, որ Արևմտյան Հայաստանի իսլամացված հայության և նրա հետնորդների մեջ կա մի շերտ, որը, հայկական արմատներ ունենալով հանդերձ, ոչ միայն ժխտում է դա, այլև փորձում է  շրջապատին ապացուցել «զտարյուն թուրք» կամ մուսուլման լինելը, դառնում է ընդգծված հակահայ: 

Այստեղ միանշանակ է նաև հոգեբանական կողմը. նրանցից շատերը հոգեբանորեն իրենց թշնամի են համարում հայության այն մասին, որն, ի տարբերություն իրենց, կարողացել է հավատարիմ մնալ իր արմատներին և հենց նրանց էլ հռչակում է թիվ մեկ թշնամի: Հայկական ծագում ունեցողների հակահայկականության դրսևորման կարևոր պայման պետք է համարել նաև Թուրքական պետությանում արմատացած մոտեցումը հայերի նկատմամբ, համաձայն որի` նրանք ընկալվում են որպես թշնամի ազգ, և իրենք նաև հոգեբանորեն չեն ցանկանում պատկանել թշնամի ազգին: Դրա համար էլ հաճախ ընտրում են տիրապետող ազգի մեջ օտարանելու ճանապարհը: Խնդրին անդրադառնալով` ազգագրագետ Հարություն Մարությանն արտահայտել է հետևյալ կարծիքը. 

«Մամուլի հրապարակումները, ուղղակի և անուղղակի քաղաքական կամ տնտեսական բնույթի ճնշումները կարող են բերել նաև հակառակ արդյունքների, երբ մարդիկ, ձգտելով ազատվել իրենց տրվող պիտակավորումներից, փոխում են իրենց շրջապատը, կտրում են վերջին կապերը իրենց ազգակիցների, նաև ազգականների հետ ու, փաստորեն, բռնում են ասիմիլյացիայի, ուծացման գործընթացի ուղին։ Ընդ որում, այստեղ ևս առկա են բազմաթիվ գործոններ, որոնք կամ արագացնում, կամ դանդաղեցնում են նման գործընթացները»։

Տարբեր աղբյուրներ հայկական կամ առնվազն ոչ «մաքուր թուրքական» ծագում են վերագրում հայտնի թուրք ազգայնամոլների: Նմանատիպ օրինակներից կցանկանայինք անդրադառնալ Թուրքական պետության մոլի հակահայերից մեկի` Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի, հայկական արմատներ ունենալու խնդրին: Հիշեցնենք, որ հենց նա է Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ակտիվ պայքարողներից մեկը, որը Շվեյցարիայում դատապարտվեց նաև ցեղասպանությունը ժխտելու համար: 

Թուրքական որոշակի շրջանակներ մեծ աղմուկ բարձրացրին և Փերինչեքին որակեցին «Լոզանի նվաճող»: Բանվորական կուսակցության ազգայնամոլ նախագահը Հայերի դեմ իրականացված ցեղասպանության փաստը որակում է որպես «իմպերիալիստական սուտ»: Նրա հետքերով է գնում նաև որդին, որը նույնպես լծված է Հայկական ջարդերի ճանաչման դեմ պայքարի գործիք: Ավելորդ չէ նշել, որ ներկայումս Դողու Փերինչեքը ձերբակալված է Արևմտյան Հայաստանում աղմուկ հանած «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով: Թուրքական տարբեր աղբյուրներում նշվում է, որ Դողու Փերինչեքը ծագումով Երզնկայի Էղին (Ակն) գավառի Ափչաղա գյուղից է։ Ավելորդ չէ նշել, որ Ակն գավառը հատկապես հայտնի է հայկական ծագումով կրոնափոխների առատությամբ, իսկ պատմական աղբյուրները հաստատում են, որ 1915-ից առաջ էլ այն եղել է գերազանցապես քրիստոնեաբնակ, այնտեղ ապրել են հիմնականում հայեր, հույներ։

 Սակայն Փերինչեքի ծագման մասին ավելի խոր, համակողմանի, և որ ամենակարևորն է, լուրջ փաստերով հանդես եկավ թուրքական «Chronical» հանդեսը: Հատկապես ուշագրավ է, որ հիշյալ հանդեսում հրատարակված հոդվածում մեջբերվում են արխիվային փաստաթղթեր, այն է` օսմանյան դատարանի գրանցումները, որոնք տալիս են տվյալ շրջանի ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական, կրոնական, էթնիկ պատկերի մասին տվյալներ: Դրանք փաստում են, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին շրջանում եղել է հոծ հայկական ներկայություն, նրանց մեծ մասը եղել են արհեստավորներ: Հայերը հատկապես շատ են եղել Ակն գյուղաքաղաքում, մեծ թվով հայեր են ապրել նաև Ակնին ենթակա գյուղերում` Քեմեր-գաբ, Ափչաղա, Իլիչ և այլն։ Կոնկրետ Ափչաղա գյուղը, որտեղից սերում է ազգայնամոլ Փերինչեքը, գերազանցապես հայկական բնակչություն ունեցող գյուղ էր։ Գյուղապետը, գյուղի ավագանու անդամները եղել են հայեր։ Դատական գրանցումներում պահպանված են անգամ նրանց անունները. օրինակ` Հակոբի որդի Քիրքոր, Արթինի որդի Քիրքոր և այլն։ Ինչպես նշվում է հիշյալ հոդվածում, Ակնի հայերի մոտ նկատվել է բավական տարածված և միևնույն ժամանակ զարմանալի մի օրինաչափություն. այն է` բոլորն ունեցել են տոհմանուններ (համեմատության համար նշենք, որ Թուրքական պետության  ազգանունների մասին օրենքը շրջանառության մեջ է դրվել միայն 1934թ., և դրանից հետո են թուրքերը սկսել կրել ազգանուններ), սակայն զարմանալի է, որ դրանց մեծ մասը թուրքերեն անուններից էր կազմված` Մուրաթօղլու, Դեղիրմենջիօղլու, Չիլինգիրօղլու, Այվազօղլու, Փերինչօղլու և այլն։ 

Բայց դատական գրանցումներն արձանագրել են մեկ այլ հետաքրքիր մանրամասն և առանձնահատկություն ևս. թեև գրեթե բոլորն ունեին թուրքական տոհմանուններ, սակայն կրում էին բացառապես հայկական անձնանուններ, և թուրքական կամ օտար անձնանուններ կրելը համարվել է բացառություն։ 

Կրկին դատարանի գրանցումներում արձանագրված է, որ Փերինչօղլուները բոլորը հայեր էին, նույնիսկ կան դատական գործեր նրանց մասնակցությամբ, որտեղ, օրինակ, նշվում է. «Հայկական միլլեթից (ազգից) Փերինչօղլու Ստեփանը և Խաչատուրը»։ Դողու Փերինչեքի պապի հայրը` Մեհմեթ Սադըք Փերինչօղլուն, ծնվել է Ափչաղա գյուղում, 1850թ., նույն գյուղում է ծնվել նաև նրա որդին` Մեհմեթ Ջեմալ Փերինչեքը, 1887թ։ 

Սակայն, ինչպես նկատելի է, նրանց անձնանունները հայկական չեն, և փաստորեն խախտված է վերը նշված առանձնահատկությունը։ Սա գուցե հնարավոր էր մեկնաբանել որպես բացառություն, սակայն կրկին դատարանի գրանցումներում պահպանված փաստերը լույս են սփռում ինչպես այս, այնպես էլ այլ հարցերի վրա։ Այսպես, օսմանյան դատարանի գրանցումներում արձանագրված է, որ Մեհմեթ Սադըք Փերինչօղլուն «մուհթեդի» է, իսկ մուհթեդի նշանակում է կրոնափոխ։ Այսինքն` պարզվում է, որ նա իսլամ է ընդունել 19-րդ դարի երկրորդ կեսին, բայց թե ինչ պատճառներով, չի ասվում։ Սա նաև ցույց է տալիս, որ իսլամացման քաղաքականությունն իր վերելքներով և վայրէջքներով շարունակվել է օսմանյան պետության ամբողջ գոյության ընթացքում։ Դողու Փերինչեքն ահա հենց այս իսլամացված հայի սերունդն է, և նրա հայկական ծագում ունենալը հակառակ ազդեցություն է ունեցել և մղել նրան ընտրել ազգայնամոլության ուղին։ 

Սակայն նույնիսկ այդ հանգամանքը նրանց չի «ազատում» հենց թուրքական հասարակության կողմից որպես ոչ թուրքական ծագում ունեցողներ մեղադրվելու վտանգից: Այս մասին «Ակօս» թերթի լրագրող Բագրատ Էսդուկյանը գրում է.

 «Հապա ի՞նչ ըսենք ազգուրացներուն։ Ի՞նչ ազգուրաց, նոյնիսկ ազգատեացներուն։ Եկուր տես, որ հաւաքականութեան յիշողութիւնը թոյլ չի տար։ Կը քաշէ ու կը բանայ ազգուրացին թաքնուած քօղը երեսէն եւ կը պարզէ այն, ինչ, որմէ փախչած է ամբողջ կեանքին տեւողութեան»։

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան